Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը ձերբակալել է 11 արքայազնի, ինչպես նաև 4 գործող և 10 նախկին նախարարների: Այս մասին հաղորել է Ալ Արաբիան, հղում անելով իր աղբյուրներին:
Ազատազրկվածների թվում է արքայազն Ալ-Վալիդ Բին Թալալը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը շուրջ 17 միլիարդ ԱՄՆ դոլար է: Ինչպես հայտնում է The New York Times-ը, Բին Թալալը համարվում է Twitter-ի բաժնետեր, ինչպես նաև Citigroup և 21st Century Fox-ի բաժնետեր: Բիզնես է վարել Բիլ Գեյթսի, Ռուպերտ Մերդոքի և Մայքլ Բլումբերգի հետ:
Արքայազները և նախարարները ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը Սաուդյան Արաբիայում վերջերս է կյանքի կոչվել: Bloomberg-ը նշում է, որ Սալման թագավորը նման քայլի դիմելով ճանապարհ է հարթում իր որդու համար, իբրև թագաժառանգի:
Հավելենք, որ նախկին Աբդալա թագավորի որդին՝ Ազգային գվարդիայի ղեկավարը, թեև չի ազատազարկվել, բայց պաշտոնանկ է արվել:
Հ.Գ. Արեն Ապիկյանը անդրադառնալով meduza.io-ի հրապարակմանը իր էջում գրել է. «Էս Ալ Վալիդ Բին Թալալ-ի տատը հայ էր, ի դեպ։ Ու 20 միլիարդ դոլար փող ունի։ Չեմ հասկանում ինչու մեր կառավարությունը քայլեր չի ձեռնարկում մեր հայրենակցին ազատելու և Հայաստանում ապաստարան տրամադրելու ուղղությամբ։ »: