Երեկ կառավարությունում տեղի ունեցած վարչապետ-նախարարներ-ուսանողներ քննարկման ջամանակ միջադեպ է գրանցվել, որից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշ հարցերի էլ պատասխանել է եւ լքել քննարկումը՝ այլ հանդիպման գնալու պատճառաբանությամբ:
Տեսանյություն երեւում է, որ դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը քննարկման ժամանակ փորձել է արձանագրել այն փաստը, որ իրենց նախապես չի ասվել, որ հանդիպելու են նաեւ նախարարներին: «Եղբայր, երբ որ մենք գալիս էինք, դու մեզ չասեցիր, որ պաշտպանության նախարարն էլ է այստեղ եւ կրթության եւ գիտության նախարարը: Մեզ ասվեց, որ մենք վարչապետի հետ ենք հանդիպում: Այստեղ ես մեկ բան էլ եմ ուզում ֆիքսենք շարժման, մեր նախաձեռնության համար, մենք շար ուրախ ենք այս հանդիպման համար, բայց մենք ստիպված ենք մեր ամեն մի քայլը կանխորոշել եւ միանգամից ուզում եմ ասել, որ սա մենք չենք դիտարկում մեր բոլոր հարցերի պատասխան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը` դիմելով հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնական Արամ Վարդեւանյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետարքրվեց, թե ինչո՞վ է խանգարում ներքեւմ չտեղեկացնելու փաստը եւ նշեց, որ հանդիպելու նախաձեռնությունն իրենն է եղել: «Էս ուղղակի պրոցեսի վրա խաղալու փորձ է, աչքիս վերեւն էլ ունք կա»,- միջամտեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մի րոպե, Վիգեն, մի րոպե»,- նախարարն ընդհատեց վարչապետին ու հարց ուղղեց ուսանողներին, թե ի՞նչ կիրառական արդյունք ունի այդ հանագամանքը: «Հիմա արտահայտում ես՝ մենք պետք է ֆիքսենք, չենք համարում, որ սա հանդիպում է: Բա սա ի՞նչ է, մենք մեր գործից կտրված նստած ենք, բա սա ի՞նչ է»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:
Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ կրթության նախարարն ասել է, որ եթե ԿԳՆ են գնացել ուսանողները, էլ ՊՆ-ի հետ քննարկման գնալու կարիք չկա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ ուսանողների հետ հանդիպում նախատեսված չէ: «Այսինքն՝ դուք ասում եք, որ մեր հետ չեք հանդիպելու, այսօր մենք իրար հետ հանդիպում ենք, դուք էլ եք ասել, որ մենք իրար հետ չենք հանդիպելու, բայց այսօր հանդիպում ենք»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Պաշտպանության նախարարը կտրուկ արձագանքեց. «Դավիթ, դա դեմագոգիա է: Որակավորում եմ նենց ոնց որ ուզում եմ: Դուք հիմա զբաղվում եք դեմագոգիայով, ճիշտ չի: Ես հասկանում եմ, որ դուք հիմա շատ ոգեւորված եք, բայց պետք է մի բան հաշվի առնեք…»: Կարեն կարապեյանը կրկին ընդհատեց պաշտպանության նախարարին. «Վիգեն, մի րոպե, եկեք…»: Վիգեն Սարգսյանը համառեց. «Չէ, պարոն վարչապետ, մի վայրկյան, մենք մի բան գիտենք…»: Կարեն Կարապետյանը ձեռքը պարզած ընդհատեց Վիգեն Սարգսյանին. «Եկեք մեկս մյուսին հարգենք, եթե եկել ենք ամեն մեկս մեր ասելիքն ասենք ու վեջացնենք, եկեք դադարեցնենք՝ մեկ»: Վիգեն Սարգսյանը սկսեց սեղանի վրա պտտեցնել իր գրիչը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախապես պայմանավորվել էին էմոցիոնալ չխոսել: Դավիթ Պետրոսյանը փորձեց մեղմել իրավիճակը: «Ես ընդունում եմ, եթե սա դեմագոգիա է, կներեք, պոպուլիզմ եմ ես անում, եթե դուք այդպես եք մտածում, եւ քանի որ սա առարկայական չի, ես ընդունում եմ: Արձանագրենք: Սրա հետ կապված էլ չեմ շարունակում»,- ասաց Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ շարժման ընթացքում իրենք որդեգրել են սկզբունք, որ շարժման ընթացքում կլինեն հարցեր, որ փոխզիջման կգնան:
Պաշտպանության նախարարը փորձեց արձագանքել, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը զգուշացրեց, որ առանց գնահատականների խոսի նախարարը: «Մենք գնահատակ ենք տալիս, երբ որ տեղ է լինում: Երբ որ չի լինում, ի՞նչ գնահատական»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Բովանդակային քննարկման ժամանակ ուսանողներից մեկն էլ նկատեց, որ եթե իրենք 18 տարեկանում չեն ծառայել եւ կրթությամբ են զբաղվել, ապա նշանակում է, որ այդ տարիքում զորակոչվելը չի եղել իրենց պլանների մեջ: Վարչապետը հետարքրվեց, թե ինչու՞ ծառայելը չի մտել իրենց պլանների մեջ, սակայն Վիգեն Սարգսյանը շտապեց պատասխանելլ. «Էդ ուրիշ բան է, եթե չի մտնում, դա ուրիշ խոսակցություն է»: Կարեն Կարապետյանն էլ շարունակեց, որ եթե ուսանողների ծրագրերում չի մտնում չծառայելը, բա ո՞վ պետք է գնա ծառայության:
Դավիթ Պետրոսյանը միջամտեց. «Հիմա ո՞վ է պոպուլիզմ անում, դուք հիմա մանիպուլացնում եք»: Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Դուք, եթե ձեր խնդիրը ձեր չծառայելն է, ես ձեր հետ քննարկելու բան չունեմ»: Պաշտպանության նախարարը նկատեց, որ ուսանողներից Հակը ասել է, որ իր պլանների մեջ չի մտել ծառայելը, հակառակ դեպքում կծառայեր: Դավիթ Պետրոսյանը հակադարձեց. «Ձեր պլանների մեջ մտնում է՞ր, դուք ձեր պլանների մասին 18 տարեկանում ամբողջովին իմացել ե՞ք կամ ով որ իր պլանների մասին ամբողջովին չիգիտի, նա քննադատման ենթակա է՞»:
Նախարարն ասաց, որ եթե պետք է ուսանողների անձնական դեպքերը քննարկեն, ապա չի կարծում որ այդ քննարկմանը պետք է վարչապետն ու երկու նախարար մասնակցեն: Ուսանողները փորձեցին Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղել, սակայն վարչապետն ասաց, որ Լեւոն Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը ժամը 5-ին հանդիպումներ ունեն: «Ես ձեզ հետ 15-20 րոպե կշարունակեմ եւ խնդրենք մեր գործընկերներին՝ իրենք…»,- խոսքը կիսատ թողեց Կարեն Կարապետյանը, շրջվեց դեմքով Վիգեն Սարգսյանը եւ հասկացրեց, որ պետք է դուրս գան քննարկումից: Պաշտպանության նախարարն էլ արագ նայեց ժամացույցին եւ պատրաստվեց հեռանալ:
Ստորեւ քննարկման վերը նկարագրված հատվածի տեսագրությունն է: