«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հյուրերն ու նոր նախագիծը. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հյուրերն ու նոր նախագիծը. bravo.am

Քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ, դերասաններ, երգիչներ ու բազմաթիվ այլ անհատներ երեկ հավաքվել էին «Կոնգրես» հյուրանոցում՝ նոր բարի գործ կատարելու: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր երրորդ գալա ընթրիքը՝ «5 տարի միասին» խորագրով։

Միջոցառման նպատակն էր մշտական աջակիցներին և նոր բարերարներին ներկայացնել կազմակերպության գործունեության բոլոր տարիների մանրամասն հաշվետվությունն ու կատարված աշխատանքը, ինչպես նաև պատմել 2018 թվականի ռազմավարության ու նպատակների մասին։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև բարեգործական աճուրդ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառուների՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Նարինե Մանուկյանն՝ ամուսնու` Վահան Խաչատրյնի հետ, եւ Նազենի Հովհաննիսյանը:

Բարեգործական երեկոն վարում էր «Հայ Մայրեր» ՀԿ խորհրդի անդամ և մշտական աջակից Նազենի Հովհաննիսյանը, իսկ միջոցառման երաժշտական մասում ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, ով նույնպես կազմակերպության խորհրդի անդամ է, Արամ Mp3-ը, Սևակ Խանաղյանը և Էրիկ Կարապետյանը։

Արեւիկ Ուդումյանը, Նարինե Մանուկյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Հելեն Ուդումյանը:

«Նարինե Մանուկյանը կարողանում է բոլորիս վարակել իր դրական էներգիայով ու շատ կարևոր գործով: Այս հինգ տարիների ընթացքում նա հասավ նրան, որ ոչ միայն բարձրաձայնեց մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների խնդրի մասին, այլև սկսեց լուծումներ տալ դրանց: Նարինեն մեզ թույլ տվեց հասկանալ, որ եթե անգամ խնդիրն ամբողջապես լուծելի չէ, կարող է ավելի ամրացնել և ուժեղացնել մարդուն, հասարակությանը: Եվ ես այդ ընտանիքից սովորեցի հենց դա՝ չհուսահատվել, լինել ուժեղ և օգնել մյուսներին»,- անկեղծացավ Նազենի Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց՝ չի կարծում, թե մե՜ծ բարեգործություն են անում, այլ պարզապես փորձում են իրենց մեծ ընկերական միջավայրով հավաքել այն ռեսուրսները, որոնք կարող են անվճար թերապիաներ ապահովել 270-ից ավելի շահառու երեխաների համար.«Կարծում եմ՝ սա մեծ առաջընթաց է, և այսօրվա 5-ամյակն իսկապես հուզիչ փաստ է բոլորիս համար»,- ասաց նա:
Կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև ֆինանսական հաշվետվությունը ներկայացնում են եռամսյակը մեկ, բայց նպատակ ունեն ամփոփել իրենց գործունեության 5 տարիները, որպեսզի հովանավորները հավաքական պատկերացում կազմեն, թե ինչ կարևորագույն գործընթացի են մասնակցել:

Էրիկը և Արամ MP3-ը:

«Մենք կարողացել ենք հասնել նրան, որ տասնյակ երեխաներ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում արել են իրենց առաջին քայլերը, իսկ դա, հավատացեք, ամեն ընտանիքի համար նոր ծնունդ է: Այսինքն՝ երեխաները սկսում են ապրել լիարժեք կյանքով, ծնողների հետ հոգեբաններ են աշխատում, և լրիվ փոխվում է ընտանիքի կյանքը: Այս տարիների ընթացքում մենք տրամադրել ենք 500 զույգից ավելի օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի երեխաների ոտնաթաթը ճիշտ ձևավորվի և դեֆորմացիաներ չլինեն, 200-ից ավելի հատուկ օրթոպեդիկ գույք ենք տրամադրել՝ սայլակներ, քայլակներ, կանգնակներ, և բուժական վերականգնողական թերապիայի 1700-ից ավելի կուրսեր»,- ասաց Նարինեն:

Նրա խոսքով` այժմ նպատակ ունեն ընդլայնել «Երազի տունը», որպեսզի կարողանան ծառայություններ տրամադրել նաև մարզերում.«Ունենք նաև շատ մեծ նախագիծ, որն այսօր առաջին անգամ ենք ներկայացնելու: Դա ձիարշավարանն է, որի հողակտորը մենք արդեն գնել ենք մեր միջոցներով: Այսօր փորձելու ենք հավաքել միջոցներ` մեծ ու գեղեցիկ ձիարշավարանը կառուցելու համար: Այնտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան վերականգնողական բուժում ստանալ, կոնկրետ՝ հիպոթերապիա: Ընդ որում` այս դեպքում խոսքը միայն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին չի վերաբերում, այլև շատ ուրիշ ախտորոշումներ ունեցող երեխաներին»,- ընդգծեց բարեգործական ՀԿ-ի հիմնադիրը:

Արև Պետրոսյանը:

Մի քանի ժամ տևած միջոցառման և աճուրդ-դրամահավաքի արդյունքում հավաքվեց 6 միլիոն 185 հազար դրամ, որը շուտով կվերածվի գործի ու կփոխի շատ ընտանիքների ու երեխաների կյանքեր:

bravo.am



Նման նյութեր