Հայոց նոր և նորագույն քաղաքական պատմության մասին իմ հրապարակումները, տարբեր գրքերից ու մամուլի էջերից մեջբերումները, արխիվային նյութերը նորովի ներկայացնելը արժանանում են ամենահակասական արձագանքների:
Ոմանք հրապարակավ և անձնական նամակագրությամբ ողջունում են և աջակցություն հայտնում՝ գրելով, որ շատ կարևոր մանրամասների տեղյակ չեն եղել, և ճիշտ է մեր պատմությունը բազմակողմանի, սթափ, մերկ ու առանց ռազմահայրենասիրական պաթոսի ներկայացման այդ ձևը:
Մյուսները հրապարակավ քննադատում են՝ բերելով բազմաթիվ պատճառներ:
Օրինակ, որ թուրքն ու ադրբեջանցին կարող են օգտվել դրանից, երբ ես, մեջբերելով վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին, գրում եմ, որ 1918-ի աշնանը Հայաստանը ջանքեր է թափել ջարդարար Էնվերի միջոցով ցորեն ստանալ Ադրբեջանից:
Կամ՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ ուղղակի անընդունելի է, ասենք, փորձել հասկանալ և քննարկման նյութ դարձնել Սարդարապատի հերոսամարտի և Մայիս 28-ի մինչև կապը:
Երրորդները ինձ մեղադրում են, որ ես պատմությունը ընտրողաբար եմ ներկայացնում, երբ բառացի մեջբերելով վարչապետներ Խատիսյանին, Սիմոն Վրացյանին, ազդեցիկ Ռուբեն Տեր-Մինասյանին՝ հիշեցնում եմ, որ թուրքերը Մայիս 28-ին վերջնագիր են ներկայացրել:
Չորրորդները գրում են, որ ես պատմության կոնտեքստը ուղղակի չեմ հասկանում: Այս վերջին խումբը ուշագրավ է նրանով, որ հայոց պատմության որևէ շրջանի մասին գիտական հոդված, գիրք կամ որևէ այլ բան չի գրել երբեք:
Քննադատողների մի մասը անկեղծաբար խոստովանում է, որ մեր հրապարակած արխիվային հրապարակումներից է տեղեկացել, որ Բաթումի դաշնագիրը, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց Հայաստանը, ունեցել է շարունակություն Ալեքսանդրապոլում, և դաշնագրին կից կան մի քանի հավելվածներ, որոնք ոչ պակաս կարևոր են, քան բուն դաշնագիրը:
Որ 1919-ի գարնանը երկու հայեր մտել են Մուսավաթական Ադրբեջանի վարչապետ Ուսուպբեկովի կառավարության մեջ:
Որ 1918-ի հունիսից մինչև նոյեմբեր Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը եղել են դաշնակիցներ, ճիշտ է՝ պարտադրված դաշնակիցներ, ավելի հստակ՝ նորանկախ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը եղել են Քառյակ միության՝ Գերմանիայի, Օսմանյան կայսրության, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի կրտսեր դաշնակիցները:
Դրվագների այս շարքը, որ կտրուկ հակասության մեջ է մտնում այօրվա հայ քաղաքական մտքի ու Հայաստանի և ավանդական սփյուռքի որդեգրած քաղաքականության հետ, կարելի է շարունակել, բերելով բազմաթիվ այլ մանրամասներ, որոնց հիշելը այսօր պարզապես ձեռնտու չէ:
Բարեբախտաբար, պետք է արձանագրենք, որ քննարկման և քննադատության որակն ու բառապաշարը հիմնականում պահվում է պատշաճ մակարդակի վրա՝ առանց անձնական վիրավորանքների: Սա չափազանց կարևոր է, որովհետև միայն այդ պայմաններում է հնարավոր քննարկել մեր պատմության ամենացավոտ, հակասական դրվագները:
Ինձ հանդիմանում են, թե ինչ կարիք կա հիշեցնել, որ հայ ավանդական երկու կուսակցություններ՝ ՍԴՀԿ-ն ու ՀՅԴ-ն, շփումներ և համագործակցության անցյալ են ունեցել երիտթուրքերի՝ Իթթիհադի ու նաև Իթիլաֆի հետ:
Որ երբ հայ ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում Արևմտյան Հայաստանում, Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մի մասը շարունակում էր ջերմ շփումներ պահպանել թուրք ջարդարարների հետ:
Որ 1918-ի մայիսից մինչև նոյեմբեր Հայաստանի պաշտոնյաները բազմաթիվ հանդիպումներ ու խնջույքներ են ունեցել նույն այդ ջարդարարների՝ Էնվերի, Թալեաթի ու մյուս երիտթուրք ոճրագործների հետ:
Որ հայ բանագնացներից մեկը շնորհակալություն է հայտնել սուլթանին, քանի որ նրա բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ նաև հնարավոր եղավ ունենալ Հայաստանի Հանրապետություն:
Եթե մեզ մեր պատմության բոլոր էջերը չեն հետաքրքրելու, ապա պատմության ի՞նչը պետք է հետաքրքրի: Պաթոսն ու հրաշապատումնե՞րը:
Եթե մենք չենք կարողանում այլոց պատմությանից դասեր քաղել, ապա ինչո՞ւ չպիտի գոնե դասեր քաղենք մե՛ր պատմությունից:
Լավ, թողնենք 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների պատմությունը, թեև չպետք է թողնել, այլ կարդալ, կրկին կարդալ ու հասկանալ այն:
Մենք իրավունք ունե՞նք խորքային վերլուծությամբ հասկանալ Խորհրդային Հայաստանը, Արցախյան շարժումը և նրա դերակատարներին, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը…
Ինչո՞ւ ենք վախենում մեր պատմությունից, երբ մեր պատմության բոլոր դրվագների հետ առերեսվելը օգտակար է առաջին հերթին հայոց պատմության և այսօրվա Հայաստանի համար:
Թաթուլ Հակոբյան