Եղեգն
Եղեգն սովորական Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում և գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա և աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։
Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ և մերկ դաշտում մնում է միայն եղեգը։
– Ինձ իմ հավատը փրկեց և ահա ես կամ:
Ժողովրդական բանահյուսության մեջ եղեգնը նաև ճշմարտախոսության խորհրդանիշ է։ Լալայանցի կողմից Աղապատրուշ գյուղում (Տամջլու, Մռավյան) գրի առնված «Թագավորը պոզ ունի» հեքիաթում շվին է ի վերջո բացահայտում ճշմարտությունը։
Եղեգնի հիմնական կոճղարմատը մինչև 60 սմ խորանում է հողի մեջ, կողային կոճղարմատները տարածվում են հորիզոնական ուղղությամբ 2-3 մ երկարությամբ, և մոտավորապես նույն բարձրությունն ունի ցողունը։ Տերևները տեղակայված են ցողունի ողջ երկայնքով, կոշտ են, երկար նշտարաձև, սուր, կտրող եզրերով, լայնությունը հասնում է 5 սմ։ Ցողունի գագաթային մասում զարգանում է խիտ հուրանաձև` մինչև 40 սմ երկարությամբ և 5-12 սմ լայնքով ծաղկափթթությունը, որն ընդգրկում է 1000-2000 ծաղիկ։ Սերմերը մազապատ են, կարող են տարածվել քամու և ջրի միջոցով։ Բազմանում է սերմերի և կոճղարմատների բողբոջների միջոցով։
Կոճղարմատները պարունակում են 50 տոկոս օսլա, 15 տոկոս ածխաջրեր, մինչև 32 տոկոս կոշտ բջջանյութ։ Համեղ են և քաղցր, ուտելի են թե՛ հում և թե՛ ջերմային մշակման ենթարկված վիճակում։ Սովի տարիներին կոճղարմատին ավելացրել են 10 տոկոս ցորենի ալյուր և հաց թխել։ Շատ վայրերում օգտագործվում է որպես շինանյութ։
Ունի քրտնամուղ, միզամուղ, ջերմիջեցնող հատկություններ։ Կիրառվում է բարձր ջերմության, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցման դեպքում։ Մանր մանրացրած արմատներն օգնում են ձկից թունավորված հիվանդներին։
Կերեք 30-60 գ` օրը 2-4 անգամ։
Թուրմ. 4 ճ/գ մանրացրած ցողունը և տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ։
Զգուշացում։ Կոճղարմատի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն և ցավեր որովայնում։
Ինկերի ցորենը
Ավելի քան ութ հազարամյակ Հարավային Ամերիկայի ժողովուրդները մշակել և օգտագործել են սննդի մեջ ամարանտը։ Amaranthus ընտանիքը միավորում է մոտ 60 տեսակներ։ Ներկայումս բույսը մշակվում է ԱՄՆ-ում, Արևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանի հյուսիսում։ Ունի մեծ տնտեսական նշանակություն` որպես անասնակեր։ Սերմերից արտադրվում է մոտ 30 տասնյակ հրուշակեղենի տեսականի։
Ավելի քան երեք հարյուրամյակ առաջ բերվել է Եվրոպա` որպես դեկորատիվ բույս, տարածված է որպես մոլախոտ, հաճախ է հանդիպում կարոտոֆիլի դաշտերի մեջ։
Երաշտադիմացկուն է, ոչ պահանջկոտ հողի որակի հանդեպ, հաճախ է հանդիպում աղակալած հողատեսքերում։
Ամարանտը համարվում է ապագայի հացի հումք։ Հայտնի ամերիկացի գիտնական Լոմանը, որ երկար տարիներ զբաղվել է ամարանտի հետազոտություններով, համոզված է, որ հին «ացտեկների հացը» կվերականգնի իր կորցրած դիրքերը. «Խնդիրը նրանում չէ, թե արդյո՞ք ամարանտը կդառնա գլխավոր հացահատիկային բույսը, այլ այն է, թե երբ դա տեղի կունենա»։
Բույսի սերմը պարունակում է ռեկորդային քանակությամբ սպիտակուցներ (16-18 տոկոս), ճարպ (5-6 տոկոս), օսլա, պեկտին։
Բույսի մեջ մեծ է լիզինի պարունակությունը` մոտ երեք անգամ ավելի, քան ցորենի սերմում։ Լիզինը մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթու է։
Տերևները արտաքուստ նման են սպանախին, ուտում են հում, եփած և չորացրած վիճակում։ Պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր, B խմբի, C, E վիտամիններ, կվերցետին, ռուտին։
Բնության մեջ հանդիպում են ամարանտի միատուն և երկտուն տեսակներ։ Ծաղիկները տեղավորված են փոքր խմբերով տերևածոցերում և հավաքված գագաթային հասկի տակ։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Մեկ բույսը ունի կես միլիոն սերմ։ Համը հիշեցնում է ընկույզը։
Ամարանտի ավելի լայն տարածմանը խոչընդոտում է սերմերի մանր լինելը։ Դրանց վերամշակումը պահանջում է նոր տեխնոլոգիական մոտեցումներ։
Բույսի հայերեն անվանումներից մեկն ուղղակիորեն թարգմանություն է հունարենից Amaranthus=չթառամող ծաղիկ (անթառամ)։
Այլ անվանումներն են` աղվեսապոչ, աղվեսագի։
Սերմի ածիկը կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար։
Խոտի թուրմը մեծ կիրառում ունի գինեկոլոգիայում` որպես հակաբորբոքային միջոց։
Վերքեր, այրվածք. Տրորեք տերևը, դրեք վերքին, կապեք։ Իր բուժիչ հատկությամբ չի զիջում ջղախոտին։
Օստեոպարոզ. Կես ճ/գ չորացրած, մանրացրած տերևը կես ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ` սնվելու ընթացքում, ավելացրեք 1 կաթիլ վիտամին D- երեք։
Կարող եք օգտագործել ճաշերի մեջ։ Ժամկետային սահմանափակում չկա։
Ամարանտի տերևն ավելացրեք վիտամինային թուրմերի մեջ։
Ջուլիետա Սահակյան
Հուլիս 24, 2012
168.am