Հայկական խելացի դրամապանակի՝ Volterman-ի շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Գնորդները, որոնք դեռ ամիսներ առաջ վճարել են, դեռ չեն ստացել իրենց դրամապանակները և անհանգստանում են իրենց գումարների համար՝ բուռն քննարկումներ ծավալելով սոցցանցերում։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Indiegogo հարթակում մեկնարկեց Volterman-ի դրամահավաքը։ Կարճ ժամանակում հավաքվեց 1 մլն դոլար՝ նախնական պատվերների տեսքով (Volterman-ի մասին առավել մանրամասն՝ այստեղ)։
Ըստ ժամանակացույցի, դրամապանակների զանգվածային արտադրությունը պետք է սկսվեր սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին արդեն պետք է սկսվեին առաքումները։ Հունվարին, ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշել էին ընկերության ներկայացուցիչները, օգտատերերը կկարողանան լիցքավորել իրենց Tesla-ները՝ Volterman-ից։
Նոյեմբերի 29-ին ընկերությունը հայտարարեց, որ մասսայական արտադրությունը մեկնարկել է, և առաքումները կսկսվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։
Գնորդներից շատերը պլանավորել էին դրամապանակը ստանալ Ամանորյա տոներին՝ իրենց կամ հարազատներին նվիրելու համար։ Արդեն հունվարի կեսն է, սակայն backup անողներից (նախնական գնորդներից) ոչ ոք դեռ չի ստացել իր դրամապանակը, ինչի հետևանքով ընկերությունը տհաճ իրավիճակում է հայտնվել։
Թեպետ ընկերությունը Indiegogo-ի իր էջում դեկտեմբերին տեղեկացրել է, որ շուկայի ծանրաբեռնվածության և կոմպոնենտների մատակարարների պատճառով առաքման ժամկետները հետաձգվում են, բուռն քննարկումները և քննադատությունները սոցցանցերում (մասնավորապես Reddit-ում) չեն դադարում։
«Առաքումը հետաձգվել է փետրվարին, քանի որ շուկայական ծանրաբեռնվածության պատճառով մասսայական արտադրությունը դանդաղել է, ինչի արդյունքում եղավ սահմանված ժամկետի փոփոխություն»,- օգտատերերից մեկի հարցին պատասխանել են Volterman-ի պաշտոնական էջից՝ ավելացնելով, որ ավելի ուշ մանրամասն ինֆորմացիա կտրամադրեն առաքման հետ կապված։
Սակայն սա էլ դեռ հստակ չէ. ընկերությունը չի բացառում, որ ժամանակացույցը կարող է կրկին փոխվել և դրամապանակները կարող են փետրվարից էլ ուշանան։
Օգտատերերը սկսել են արդեն, բացի առաքման ժամկետները խախտելուց, այլ տհաճ թեմաներ շոշափել։ Ոմանք նշում են, որ Volterman-ը ոչ թե մշակում է իր սեփական պլատան, այլ տեղադրում է չինական էժան սմարթֆոնների պլատաները։ Մյուսները նշում են, որ դրամապանակների արտադրության լուսանկարներում իրականում արևային պանելների արտադրության գործընթացն է։ Օգտատերերից մեկն էլ պարզել է, որ YouTube-ում Volterman-ը փորձարկող անկախ թեստերներից մեկն իրականում ընկերության հետ փոխկապակցված մարդ է։
Հասկանալի է, որ որքան առաքումները ձգձգվեն, նմանօրինակ խոսակցություններն ավելի հաճախակի բնույթ են կրելու։ Հույս ունենք, որ ընկերությանը կհաջողվի տեղավորվել ժամկետների մեջ և փետրվարին տեղ հասցնել դրամապանակների առաջին խմբաքանակները՝ այդպիսով փակելով հնարավոր բամբասանքների հնարավորությունը և հիմքեր ստեղծելով արտադրության ծավալները մեծացնելու համար։
Հակառակ պարագայում Volterman-ի պատմությունը կարող է վնաս հասցնել ոչ միայն դրա հեղինակներին, այլ ընդհանրապես Հայաստանի ՏՏ ոլորտին՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով նոր ստարտափերի լրջությունն ու վստահելիությունը։