Հունվարի 8-ին ողբերգական ավտովթարից մահացած 34-ամյա ՃՈ տեսուչ Խաչիկ Գասպարյանի հարազատները ամենախիստ պատիժն են պահանջում վթարի հեղինակ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու` Սարգիս Վարդանյանի համար:
«Մենք ուզում ենք, որ այդ ստահակը ամենախիստ պատիժը ստանա, ինչ որ նախատեսվում է նման դեպքերում, իսկ օրենքով պատժվելուց հետո էլ նա իր պատիժը կստանա Աստծո կողմից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խաչիկի եղբոր կինը` Մարիամ Բաբայանը:
Հարազատները կայքի հետ զրույցում ասել են, որ Վարդանյանները մինչեւ հիմա նույնիսկ մի անգամ չեն ցավակցել իրենց:
«Ոչ մի ցավակցական քայլ չեն արել մինչեւ հիմա. ի՞նչ կարիք կա, իրենք երեւի միայն իրենց մասին են հիմա մտածում, ազատվելու եզրեր են փնտրում»,-ասել է Մարիամ Բաբայանը:
Խաչիկի եղբոր կինն ասաց, որ մոտ 2 տարի է, ինչ Խաչիկն ամուսնացել էր. Շատ էր սիրում կնոջը, նախանձելի ամուսիններ էին: Առաջնեկը` որդին, հունվարի 3-ին էր ծնվել, չէր էլ հասցրել զգալ հայրական բերկրանքը:
«Երեխան հունվարի 3-ին էր ծնվել, ու քանի որ իր քեռին էր մահացել, նույնիսկ տուն չէր բերել որդուն: Շատ էր սպասում որդու ծնվելուն` նախապես էլ որոշել էր, որ իր հայրիկի անունն է կրելու որդին»,-ասաց Մարիամը:
Խաչիկի հորեղբոր աղջիկը` Սուսաննան էլ ասաց, որ Խաչիկի ընկերները, համագյուղացիները հուղարկավորությունից հետո ամեն օր մոմավառություն են կազմակերպում նրա շիրմի մոտ:
«Բոլորը շատ էին սիրում Խաչիկին, նրան ջիգյար էին անվանում ու մինեչւ հիմա էլ չենք հաշտվում կատարվածի հետ, որովհետեւ իրոք առանձնահատուկ մարդ էր»,-հավելեց Սուսաննան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: