Հայաստանը թիրախի տակ է. սահմանին սպառնում են ԻՊ գրոհայինները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանը թիրախի տակ է. սահմանին սպառնում են ԻՊ գրոհայինները. armeniasputnik.am

Ահաբեկչական խմբավորումների անդամները Սիրիայից Հարավային Կովկաս են վերադառնում։ Հայաստանի առաջ կոնկրետ մարտահրավերներ են ծառացել, կարծում է Աֆղանստանի և Արցախյան պատերազմի վետերան Լևոն Ստեփանյանը։

Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է ուժեղացնել ահաբեկիչների ներթափանցման վտանգի պատճառով, ռուս սահմանապահներն այդ հարցում մեծ դեր ունեն, Sputnik Արմենիային ասաց ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, ռազմական ու քաղաքական գործիչ, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների մասնակից գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Ստեփանյանը կարծում է, որ այժմ բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով` Սիրիայից ԻՊ (մի շարք երկրներում արգելված խմբավորում – խմբ.) զինյալները տարածվել են Մերձավոր Արևելքով. մի ամբողջ գումարտակ ադրբեջանցի ահաբեկիչներ Արցախում կռվելու պատրաստակամություն են հայտնել։

«Վերջերս տեղեկություն է տարածվել, որ ԻՊ անդամները Հայաստան ներթափանցելու փորձ են արել։ Այսինքն մենք թիրախի տակ ենք։ Հայտնի չէ` ինչով կավարտվի Իրանում ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն 90-ականներին սեփական սահմանապահ զորքը չուներ, Արցախում մարտական գործողություններ էին ընթանում։ Բացի այդ, Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը կենտրոնացել էր Հայաստանի սահմաններին, անհանգստություն էր առաջացել բնակչության և ղեկավարության շարքերում, Թուրքիայի սահմանին քրդական խնդիր կար։

Երևանն այդ պայմաններում դիմեց Մոսկվային թուրքական և իրանական սահմանին պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։

«Այդ խնդիրն ավելի քան քսան տարվա ընթացքում Ռուսաստանի սահմանապահ զորքերը պատվով ու արժանապատվությամբ են կատարել ու շարունակում են կատարել»,- ասաց Ստեփանյանը։

Գեներալը նաև շեշտեց, որ ռուսական սահմանապահ զորքերի կազմում զգալի թիվ են կազմում հենց հայերը։

Վերջին տարիների ընթացքում, նրա խոսքով, ռուսական սահմանապահ զորքում անձնակազմի թվաքանակի նվազեցման հետ կապված զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Գեներալը կարծում է, որ անկախ տեխնիկական վերազինումից պետք է վերականգնել սահմանների պահպանման հին սխեման ու ընդլայնել քանակը։

Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կազմում են ընդգրկված Գյումրում, Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների ապրուստը հոգում են երկու պետությունների կառավարությունները հավասարության սկզբունքով։

armeniasputnik.am



Նման նյութեր