Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգարժան պարոն նախագահ, Ձեզ խնդրանքով դիմում է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանի կինը՝ Լենա Ավագյանը, մեր ընտանիքի համար շատ կարեւոր խնդրի արդարացի լուծման համար: Խնդիրը կայանում է նրանում, որ 1998 թվականին, երբ որ ամուսինս հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, ելնելով որոշակի հանգամանքներից, ամուսինս խնդրեց ինձ եւ մեր երկու որդիներին, որպեսզի մենք թույլ տանք, որ մեր ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր սեփականությունը հանդիսացող Երեւան քաղաքի Հովսեփ Էմինի 4/2 հասցեում գտնվող տանը ժամանակավոր բնակվի իր աշխատակցուհի Մ.Գ.-ն, ասելով, որ ինքը երբ կվերադառնա Հայաստան, Մ.Գ.-ն իր պահանջով կազատի մեր ընտանիքի բոլոր անդամներին սեփականության իրավունքով պատկանող տունը: Սակայն ամուսինս Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականին հանկարծամահ եղավ: Ամուսնուս մահից հետո ես եւ որդիներս Մ.Գ.-ից պահանջեցինք, որ ազատի մեր տունը, սակայն Մ.Գ.-ն ամենաստոր կերպով օգտվելով այն հանգամանքից, որ ամուսինս մահացել է, հայտարարեց, որ տասը տարուց ավելի ինքն է բնակվում այդ տանը եւ հրաժարվեց ազատել մեր տունը:
Չնայած նրան, որ Մ.Գ.-ն ի սկզբանե քաջատեղյակ էր, որ նշված տունը սեփականության իրավունքով պատկանում է մեր ընտանիքի բոլոր անդամներին, եւ որ ինքը մեր տանը բնակվում է ժամանակավոր, բոլորիս թույլատրությամբ: Մ.Գ.-ն դիմեց դատարան, որպեսզի վաղեմության ուժով ճանաչվի մեր տան միակ սեփականատեր: Մ.Գ.-ի դատարան դիմելուց հետո մենք նույնպես հակընդդեմ հայցով դիմեցինք դատարան, որպեսզի Մ.Գ.-ին վտարեն մեր տնից: Սակայն շուրջ երեք տարի ձգձգվող քաղդատարավությունից հետո Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Շահնազարյանը, խախտելով եւ ոտնահարելով թե ՀՀ սահմանադրության, թե քաղօրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, կայացրել է արդարադատությանը հակասող եւ ակնհայտ կողմնակալ վճիռ, որը կարդալուց թվում է, թե վճիռը գրվել է հայցվոր Մ.Գ.-ի փաստաբանի կողմից, այլ ոչ թե դատավորի:
Այսինքն, դատավոր Հ. Շահնազարյանը իր կողմից կայացրած անարդար եւ ակնհայտ կողմնակալ վճռով՝ տան օրինական սեփականատերերին եւ Ռոմեն Ղազարյանի օրինական ժառանգներին զրկել է իրենց սեփականությունից եւ օրինական կերպով ստացված ժառանգությունից: Հարգարժան նախագահ, նշեմ նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ ես իմ երկու որդիների եւ նրանց ընտանիքների հետ ութ անձով համատեղ բնակվում ենք նույն տան մեջ: Այնինչ հայցվորն ունի սեփական բնակարաններ եւ այլ անշարժ գույք, որը տվել է վարձակալությամբ եւ մինչ օրս բնակվում է մեր տանը: Հարգարժան նախագահ, ուստի խնդրում եմ Ձեզ, որպես նաեւ իմ ամուսնու մարտական ընկերոջ, Ձեր անմիջական վերահսկողությունը գործի արդարացի լուծման համար»:
ԼԵՆԱ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ. «Առավոտի» տեղեկությամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակվել է Ղազարյան ընտանիքի բողոքի քննությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի 18.01.2018 համարում: