Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասաության դատարանում շարունակվել է 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստն այս անգամ էլ ուղեկցվել է սկանդալով: Նիստը վարող դատավոր Աշոտ Մանուկյանը տուժողի իրավահաջորդի՝ սպանված երիտասարդի մոր՝ Ռուզան Ադանալյանի նկատմամբ կիրառել է սանկցիա՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Կնոջ պատմելով ամեն ինչ սկսվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական բաժնի պետ Արգամ Հովսեփյանի հարցաքննության պահից, ով դատարան էր հրավիրվել տուժողի իրավահաջորդի կողմից առաջադրված հարցերին պատասխանելու համար:
«Նա բացահայտ ցինիմի դրսևորմամբ վիրավորանքներ հասցրեց ինձ՝ ասելով․«Դու քեզանից ինչ ես ներկայացնում: Անգրագետ»: Դատարանի կողմից անգամ չգնահատվեց որպես անհարգալից վերաբերմունք: Բայց երբ ես, հաշվի առնելով դատարանի կողմից ցուցաբերած անտարբերությունը, համարժեք պատասխաններ հնչեցրեցի, դատավոր Աշոտ Մանուկյանը, առանց անգամ որևէ նախազգուշացման, միանգամից դատարանի դահլիճից մեկ ժամով հեռացրեց ինձ»,-պատմեց Ռուզան Ադանալյանը՝ նշելով, որ իր մանկավարժական գործունեության ընթացքում քանի այդպիսի սերունդ է դաստիարակել, եւ այսօր արդեն ով է որոշում իր գրագիտության չափը: Ռուզան Ադանալյանի կարծիքով դատավորը նման կողմնակալ պահվածք դրսևորելու իր պատճառներն ուներ. «Դատավոր Աշոտ Մանուկյանը, շատ լավ գիտակցելով,որ դատարանը գտնվում է միջնորդությունները քննության առնելու փուլում, զրկեց ինձ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Նա դիտավորությամբ և շինծու կերպով, դատախազի և փորձագետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, որպեսզի խոչընդոտվի փորձագետի հարցաքննությունը: Քանի որ, ի վերջո դատարանում արձանագրված են փաստեր, որ որդուս միևնույն, թե տարբեր գործիքներով վնասվածք հասցրած լինելու մասին հանգամանքը պարզված չէ: 1 ժամով ինձ հեռացնելով դահլիճից, որի իրավունքը չուներ, առանց պարզելու այլ միջնորդություններ ներկայացվելու են, թե ոչ, հայտարարեց դատաքննության ավարտ»,-նշում է սպանված երիտասարդի մայրը՝ ՇՄ ողջ իրավական համակարգը կոռուպացված որակելով:
Փորձեցինք կապվել դատավոր Աշոտ Մանուկյանի հետ՝ այս դեպքի հետ կապված պարզաբանում ստանալու համար, սակայն նրա փոխարեն պատասխանեց գործավարը՝ ասելով, որ դատավորը չի կարող մեզ հետ զրուցել, քանի որ որոշումներ է կայացնում: Ի դեպ նշենք, որ մեր տեղեկություններով՝ դատավոր Աշոտ Մանուկյանի որդիներից մեկը աշխատում է ՀՀ Ազգային ժողովում:
Հիշեցնենք, որ Արտյոմ Ադանալյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014թ. աշնանը, Գյումրի քաղաքի տնակներից մեկում, հավաքույթի ժամանակ, որին ներկա է եղել հայրը՝ Ավետիք Ադանալյանը: Ռուզան Ադանալյանը նախկին ամուսնուն նույնպես մեղադրում է որդու սպանության մեջ: Տարօրինակ է, որ հայրը ոչ միայն չի կանխել վերահաս աղետը, այլև որդուն՝ Արտյոմ Ադանալյանին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերել: Այս դեպքի պատճառով անգամ կարգապահական տույժի է ենթարկվել դատաբժիշկը, քանի որ առկա բացթողումները շատ են:
Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները: Ինչպես նաև սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, իսկ ամբաստանյալի աթոռին մեկն է: