Երևանի քաղաքապետարանում հունվարի 25-ին կայացավ ՀՀ ԱԻՆ Երևանի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հաշվետու նիստին ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության և Երևանում գործող ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները հանդես եկան կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով:
2017թ. Երևանի փրկարարական վարչության հիմնական խնդիրը եղել է մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովումը, ուժերի և միջոցների մշտական պատրաստության վիճակի ապահովումը:
Նիստում ներկայացվեցին նաև 2018թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները:
Ամփոփելով նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանը 2017թ. ընթացքում առավել աչքի ընկած ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին պարգևատրեց Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: