Ալպինիզմի հայկական ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել՝ որոշ մանրամասներ ներկայացնելով Արա լեռ բարձրացած արշավախմբի հետ տեղի ունեցած պատահարի վերաբերյալ` առայժմ չանդրադառնալով մարդկանց անվտանգության երաշխիքներին վերաբերող հարցերին: Լեռնագնացներից երկուսն, ինչպես հայտնի է, ձնահոսքի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ, մեկը՝ մահացել:
«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց՝ տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով՝ սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը»,- նշված է հայտարարության մեջ:
Դրանում նաև ասվում է. «Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։ 2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի հետևանքով ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է։ Իհարկե, այժմ մեզ բոլորիս հետքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը։ Սակայն կարծիքներ կարող ենք հայտնել թիմի անդամների և Էդգար Նավասարդյանի հայտնած տեղեկությունների, եղանակային պայմանները հաշվի առնելու և տեղանքի վտանգավորությունը գնահատելուց հետո միայն»:
Արշավախմբի անդամներից ևս մեկին՝ Հրաչ Հարությունյանին, անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Նա նույնպես կոտրվածքներ ունի: Այսօր, երբ Հրաչ Հարությունյանից փորձեցինք մանրամասներ հարցել կատարվածի վերաբերյալ, նա խոսել չցանկացավ:
Արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ինչ վերաբերում է ձնահոսքի տակ մնացած և մահացած Նաիրուհի Սիմոնյանին, նրա մասին մեզ պատմեցին, որ ծնունդով լինելով Արագածոտնի մարզի Կարբի գյուղից՝ վարձով բնակվում էր Երևանում և աշխատում որպես էքսկուրսավար: «Եվ շատ սիրել է Արցախը, ու հնարավորության, իր աշխատած գումարների սահմանում փորձել է օգնել զինվորներին և անապահով երեխաներին: Ինչքան գիտեմ, անձնական նախաձեռնությամբ հաճախակի այցելել է Արցախ»,- ասաց արշավախմբի ընկերներից մեկը:
Դեպի Արայի լեռ արշավի հրավերը եղել է ֆեսյբուքյան էջի միջոցով: Արշավը կազմակեպվել է Հայոց բանակի տարեդարձի առթիվ:
Հրավերում մասնավորապես նշված է. «Արշավներ կան, որ ավանդույթ են դառնում։ Այս արշավը դրանցից մեկն է։ 2015 թվականից սկսած հունվարի 28-ին ԱՍ արշավախումբն իրականացնում է Արայի լեռան վերելքը՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվան։ Այս տարի էլ, հունվարի 28-ին՝ կիրակի, (28.01.2018թ) կրկին բարձրանում ենք Արա Լեռ (2577մ): ՓԱՌԱՀԵՂ վերելքը կսկսենք Զորավան գյուղի մոտակայքից: Հետադարձը՝ Ծաղկեվանքի կողմից: Ծաղկեվանքը կամ Կույս Վառվառան քարանձավում փորած վանք է, որը գտնվում է Արա լեռան ստորոտին: Ուղիղ 26 տարի առաջ հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց Հայկական ՀԶՈՐ Բանակի ստեղծման մասին, բանակ, որը ստեղծվեց պատերազմի դաշտում և դարձավ նորանկախ ՀԶՈՐ Հայաստանի հիմնասյուն: Բանակի հիմքում կանգնած մարդկանց շնորհիվ պահպանեցինք այժմյան մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղ և անկախ հայրենիքում ապրելու իրավունքը»:
Հունվարի 28-ին Արա լեռ բարձրացած արշավախումբը կազմված էր 18 հոգուց: Ձնահոսքը և ողբերգական ավարտով պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ:
Լուսանկարում՝ լեռնագնացները և Նաիրուհին՝ Արայի բարձունքին