Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ
Advertisement 1000 x 90

Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,փետրվարի 22-ին և 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա»քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: Հայտնաբերված նմուշները արտաքին շերտի վրա ունեցել են բորբոսի հետքեր և ոչնչացվել են:

Քանի որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ ՍԱՊԾ-ն իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում է ձեռնպահ մնալ այն վաճառելուց և կեղծված ապրանքի առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Ծառայությունն սպառողներին նույնպես հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը շարունակում է անհրաժեշտ գործողությունները՝ շուկայում առկա խմբաքանակները և իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ: