Գերմանիայում հետաքննություն է սկսվել eBay ինտերնետ-խանութում նորածին 5000 եվրոյով վաճառելու փորձի գործով, հայտնում է The Local-ը:
Վաճառքի մասին հայտարարությունը ներկայացվել է նորածնի լուսանկարով և նրա մասին կարճ տեղեկատվությամբ. «Երեխան 40 օրական է, անունը՝ Մարիա, վաճառվում է»:
eBay-ի ղեկավարությունը ստացված բազմաթիվ բողոքներից հետո հեռացրել է հայտարարությունը: Հրապարակումը կայքում գտնվել է մոտ կես ժամ: Խանութի ներկայացուցիչները հայտարարել են. «Դա եղել է կատակ թե ոչ, մենք ցանկանում ենք, որ այդ արարքը կատարողները դրա համար ենթարկվեն պատասխանատվության»:
Հետաքննության ընթացքում Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում հայտնաբերվել են երեխայի ծնողները, որոնք փախստականներ են:
The Local-ի տեղեկատվությամբ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության մարմինները մինչև հետաքննության ավարտը երեխային ծնողներից մեկուսացրել են: