Մի շարք հիվանդությունների շարքում 21-րդ դարը բժիշկները «հռչակել» են նաև որպես ալերգիաների դար: Մասնագետները տարեցտարի արձանագրում են ալերգիկ հիվանդությունների աղետալի բարձր ցուցանիշներ: Այսօր շատերն են գանգատվում անհասկանալի ցանից, քորից, երկարատև փռշտոցներից և ալերգիայի տարբեր դրսևորումներից:
Ըստ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Վիլիս Մկրտչյանի, ամբողջ աշխարհում է նկատվում ալերգիկ ռեակցիաների աննախադեպ աճ, հատկապես դրանք տարածված են զարգացած երկրներում: «21-րդ դարն անվանում են ալերգիայի դար: Բոլոր հիվանդությունների հիմքում ընկած են իմունոլոգիական շեղումները:
Իմունային համակարգն օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական ուժերն են: Պատկերացրեք, 2 հազար մանրէներ և սնկիկներ և մոտ 1000 տեսակի վիրուսներ մարդու մոտ առաջացնում են հիվանդություններ, իսկ մարդու մեջ, անկախ անհատական հիգիենայի աստիճանից, կան 10-ի 14 աստիճան (այսինքն` 14 հատ 0) միկրոօրգանիզմներ, և եթե մարդու իմուն համակարգը թուլանում է, նրանք պատրաստ են ցանկացած պահի հիվանդություն առաջացնել: Յուրաքանչյուր մարդու մեջ օրվա ընթացքում, անկախ տարիքից, 100 հազարից մինչև մեկ մլն փոփոխված բջիջ է առաջանում: Ստացվում է, որ մարդն իր կյանքի ընթացքում մոտ 20 մլրդ անգամ կարող է հիվանդանալ չարորակ հիվանդություններով, բայց չի հիվանդանում, որովհետև նրա իմուն համակարգն անմիջապես ոչնչացնում է փոփոխված բջիջներին, ինչը տեղի չի ունենում ժառանգական հիվանդությունների ժամանակ»,- նկատում է պրոֆեսորը: Նրա մեկնաբանությամբ, հիվանդությանը նպաստող բազմաթիվ գործոններ կապված են ոչ թե մարդու ներքին ֆիզիոլոգիական գործունեությունից, այլ` ասենք, օդից, հոգեկան ապրումներից, սոցիալական վիճակից: «Կան մարդուց անկախ գործոններ, որոնք որպես կանոն՝ փոխում են իմուն համակարգի ակտիվությունը: Իմուն, նյարդային և էնդոկրին համակարգերը նույն օրգանիզմի շաղկապված օրգաններն են: Նրանք նույնիսկ մոլեկուլյար մակարդակով շաղկապված են»,- հավելում է մասնագետը: Պրոֆեսոր Մկրտչյանը միաժամանակ ներկայացնում է հետաքրքիր վիճակագրություն: Օրինակ, ներկայումս ԱՄՆ-ում կան 14 մլն-ից ավելի բրոնխիալ-ասթմայով հիվանդներ, որոնցից 4 մլն-ը երեխաներ են:
Ալերգիայի տարբեր գանգատներով այնտեղ մեկ տարվա ընթացքում պոլիկլինիկաներ են դիմում 14 մլն-ից ավելի մարդիկ, որոնցից 445 հազարը հոսպիտալացվում են: Իսկ սեզոնայնության գործոնի հետ կապված՝ ԱՄՆ-ում արձանագրվում են 30-40 մլն ալերգիկ հիվանդներ: «Ալերգիկ հիվանդությունների բուն պատճառը հայտնի չէ, սակայն մի բան հայտնի է. նման հիվանդներն ունեն գենետիկական նախատրամադրվածություն: Վճռորոշ նշանակություն ունեն նաև էկոլոգիան, ծխախոտի ծուխը, սննդային տարբեր գունավոր հավելումները, սինթետիկ հագուստը, քիմիական կոսմետիկայի հաճախակի օգտագործումը: Նույնիսկ ջուրը կարող է ալերգիայի պատճառ դառնալ: Մի բան երբեք չպետք է մոռանալ` ալերգիան այն է, երբ տվյալ սուբյեկտը տվյալ նյութի հետ հանդիպում է ոչ առաջին անգամ: Առաջին հանդիպման ժամանակ օրգանիզմում փոփոխություններ են առաջանում, իսկ երկրորդ կամ երրորդ հանդիպումը հանգեցնում է ալերգիկ երևույթի»,- ասում է պրոֆեսորը: Ալերգիան դժվար բուժվող հիվանդություն է, նրա ապաքինման ընթացքը դանդաղ է, որովհետև այն միտում ունի խորացման: Անկասկած, ալերգիկ երևույթների շարքում վերջին տեղում չեն դեղորայքային ալերգիաները: «Դեղորայքային ալերգիաների 87 % դեպքերում նկատվում են արյան փոփոխություններ, 64,7 % դեպքերում` մաշկային փոփոխություններ, 60,7%-ի ժամանակ` ջերմության բարձրացում, 20% դեպքերում` լորձաթաղանթի և հոդերի բորբոքում, 47 % դեպքերում ախտահարվում է սրտանոթային համակարգը, իսկ 28%-ի ժամանակ`շնչառական համակարգը»,- շարունակում է
Վ. Մկրտչյանը: Ուրախալին այն է, որ ողջ աշխարհում անաֆիլակտիկ շոկի ժամանակ (կայծակնային ալերգիկ ռեակցիա) մահացության ցածր ցուցանիշ է արձանագրվում: Օրինակ, ինչպես տեղեկացնում է Վ. Մկրտչյանը, ԱՄՆ-ում անաֆիլակտիկ շոկից տարեկան մահանում է մոտ 500 մարդ: Նրա հետ զրույցից պարզեցինք, որ մեր սննդի մեջ գոյություն չունի որևիցե սննդարար նյութ, որ ալերգիայի պատճառ չհանդիսանա, սակայն առավել ալերգիկ համարում ունեն ձուն, ցիտրուսային մրգերը, ընկույզը, մսեղենը, լոլիկը, իսկ ամենաքիչը` ծիրանը, դեղձը, բանանը:
«Չկա որևէ նյութ, որն ալերգիայի պատճառ չդառնա: Մենք գտնվում ենք ալերգենների միջավայրում: Հաշվված է, որ կան մոտ 20 հազար ալերգեններ, որոնք կարող են ազդել մարդու առողջության վրա: Ընդ որում, տարեցտարի դրանց թիվն ավելանում է, նկատվում է ալերգենների ազդեցության «հորդառատ անձրև»,- նշում է Վ. Մկրտչյանը:
Անշուշտ, այս հիվանդությունների աճի վրա որոշակի ազդեցություն ունեն նաև ուրբանիզացիան, գիտատեխնիկական առաջընթացը: Պրոֆեսոր Մկրտչյանը նկատում է, որ 1800-ական թթ. բժիշկների ողջ գործունեության ընթացքում հազվագյուտ հանդիպող երևույթ է եղել սրտամկանի ինֆարկտը, իսկ հիմա այս հիվանդությունը խիստ տարածված է և երիտասարդացման միտում ունի: Բժշկագիտությանը նույնիսկ հայտնի են ալերգիկ ինֆարկտի դեպքեր: Բացի դեղորայքից, Վ. Մկրտչյանը իմունոթերապիայի մի քանի կարևոր բաղադրիչներ նշեց, որոնք արժե ներկայացնել ընթերցողներին: Առաջինը` ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն, զերծ մնալ հակամանրէային օճառների, հակաբորբոքային դեղամիջոցների լայն կիրառումից, փոխարենը՝ սննդակարգում ներառել մեծ քանակությամբ թարմ կանաչեղեն, ձավարեղեն: Եվ ամենակարևորը` բժիշկը խորհուրդ տվեց խուսափել հոգեկան ընկճվածությունից (որպես կանոն՝ այն նպաստում է ալերգիկ հիվանդությունների զարգացմանը) և մարդկային փոխհարաբերություններում դրսևորել բարի, դրական էմոցիաներ:
Նաիրա Մարտիրոսյան
Հուլիս 8, 2007
168.am