Համալսարանական դասընկերներս քանիցս հանդիմանել են ինձ, որ Իշխանյանի մասին հուշեր չեմ գրում: Ասում են. «Մեզնից ամենից շատ դու ես մոտիկից շփվել նրա հետ, ավարտելուց հետո էլ նա քո ատենախոսության ղեկավարն էր, միշտ ձեռքը վրադ է եղել, էլ չասենք, որ նրա կյանքի վերջին չորս տարիներին միասին էիք աշխատում Ազգային գրադարանում, ինչքա՜ն հետաքրքիր դրվագներ եղած կլինեն, ափսոս է, ինչո՞ւ չես գրում»:
Ինչպե՞ս բացատրեի նրանց, որ այդ հուշերը չափից ավելի թանկ են, չափից ավելի իմը հանրությանը հանձնելու համար: Բացի այդ, այդքան հարգելի ու սիրելի մարդու մասին շատ դժվար է գրելը, զգացմունքայնությունն ու պատասխանատվությունը մեջդ կռիվ են տալիս, կաշկանդում:
Բայց վերջին շրջանում տեսնում եմ, որ իմ սերնդից շատերն արդեն հեռանում են… Ու որոշեցի էլ չհետաձգել ու նրա ծննդյան օրվան ընդառաջ գոնե մի քանի դրվագ թղթին հանձնել: Եվ հանկարծ ֆեյսբուքյան ընկերներիցս Վահան Իշխանյանն իրեն հանդիպած մի ֆեյսբուքյան խոսակցության հատված զետեղեց, որը կաթվածահար անելու չափ ապշեցրեց ու հուշեր գրելու ծրագիրս ի դերև արեց: Էհ, մեր իրականությունը, ինչպես երևում է, հուշերի գիրկն ընկնելու հովվերգական տրամադրությունների տեղ չի թողնում:
Այսպես. երկու տիկին՝ երկուսն էլ Հասմիկ, որոնցից Հասմիկ Հարությունյանին ճանաչում եմ (բանասեր-բանագետ, ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի դուստրն է), բանավիճում են «է» և «ա» օժանդակ բայերի շուրջ և այդ առիթով հիշելով Ռաֆայել Իշխանյանին` միտք են հայտնում, որ նա լեզվաբան չէր: Իսկ երբ խոսակցությանը խառնվում է մի ուրիշը` հավանաբար զարմանք հայտնելով, տիկին Հասմիկ Հարությունյանն ասում է, որ այդ մասին լսել է մի ուրիշից, չի հիշում` ումից, բայց դա տպավորվել է, և ինքն էլ հակված է այդ կարծիքին, քանի որ «որևէ մեկը, որն ուրարտերենը հայերեն է կարդում, չի կարող լեզվաբան համարվել»:
Այս և մյուս անհեթեթ մտքերին, իհարկե, չէի անդրադառնա, քանի որ ակնհայտ չիմացության համախտանիշի դրսևորում է, մարդը, բանասեր լինելով, ժամանակին լսելով Իշխանյանի դասախոսությունները, չի կարդացել նրա լեզվաբանական տասնյակ գրքերն ու հարյուրավոր հոդվածները, հետևաբար մտածում է, որ դրանք չկան, գոյություն չունեն: Այս պարագայում զարմանալի չէ, որ չի պատկերացնում` եթե մարդը բազմաշնորհ է, կարող է և՛ լեզվաբան լինել, և՛ մատենագետ ու գրքագետ, և՛ գրականագետ, և՛, ի դեպ, նաև պատմաբան, նույնիսկ բանաստեղծ ու հրապարակախոս: Ձեռքս թափ կտայի, եթե չլիներ մի հանգամանք:
Իշխանյանի հետ շփվելիս հաճախ էի զվարճանում մի իրողությունից: Երբ որևէ մեկի անունն էի տալիս, որին դասավանդել էր, միանգամից հայացքը շողշողում էր: «Գիտե՞ս, նա իմ ուսանողն է եղել»,-ասում էր: Դրան միայն կարող էիր այսպես արձագանքել՝ հա՜: Իր ուսանողներով հպարտանում էր: Անշուշտ, հավանաբար ուրիշ դասախոսներ էլ կան, որ այդպես սիրում են իրենց սաներին, բայց ես իմ կյանքում միայն Իշխանյանին եմ հանդիպել: Փայլուն, բացառիկ ուսուցիչ էր, բայց մի պարզ բան չգիտեր՝ միշտ չէ, որ ցանածդ սերմերը ծիլ են տալիս: Այլապես կենթադրե՞ր արդյոք, որ իր ուսանողներից մեկը, հինգ տարի սովորելով, չի հասկացել նույնիսկ, որ գիտելիքը ձեռք են բերում ոչ թե ասել-խոսելով, այլ կարդալով, կարդացածը ըմբռնելով և կարծիք են ձևավորում միայն փաստերի հիման վրա:
Բայց այս անախորժ դեպքը ստիպեց փնտրել երկու հարցի պատասխան, ինչը երկար ժամանակ հետաձգում էի:
Մի տարի առաջ հրավիրված էի համալսարանի բանասիրական ֆակուլտետ՝ մասնակցելու մի ատենախոսության պաշտպանությանը, և մինչ հաշվում էին քվեարկության արդյունքները, շրջում էի ճեմասրահում: Պատին փակցված էին բանասիրականի նախկին անվանի դասախոսների նկարները, ու զարմանքով նկատեցի, որ Իշխանյանի նկարը չկա: Ինչպե՞ս, ինչո՞ւ: Մի տարի այս փաստն ինձ հանգիստ չէր տալիս: Մի՞թե երբեմնի հեղինակավոր ֆակուլտետի ղեկավարությունը չի գիտակցում, որ դրանով Իշխանյանին չի վնասում, այլ իրենց ուսանողներին՝ թերի տեղեկություն հաղորդելով:
Գնացի համալսարան և հարցրի բանասիրականի դեկանին՝ ինչո՞ւ: Եվ պարզվեց, որ նկարները իրենք չեն կախել, այլ այդ գիտնականների հարազատները: Պարզվեց, որ համալսարանը նկարներ պատվիրելու և շրջանակի մեջ դնելու դրամական միջոցներ չունի, ուստի դա արել են մեր գիտանականների հարազատները, և զարմանալիորեն բերել են նույն չափսի նկարներ, նույնպիսի շրջանակներով…
1992 թ. Ռաֆայել Իշխանյանին հեռացրին համալսարանից: Մի անգամ հարցրի այդ մասին, փակեց խոսակցությունը: Հասկացա, որ դա ցավոտ հարց է իր համար, ու այլևս չանդրադարձա դրան: Եվ այս օրերին որոշեցի այնուամենայնիվ պարզել, թե ինչ հիմնավորմամբ են նրան ազատել աշխատանքից: Համալսարանի արխիվից ինձ տրամադրեցին միայն հրամանի պատճենը: Ահա այն.
ՀՐԱՄԱՆ նո. 131 Երևանի պետական համալսարանի 26. 6. 92 թ. պար. 11 Աշխատանքից ազատելու մասին Հայոց լեզվի պատմության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Ավետիսի Իշխանյանին ս/թ հուլիսի 1-ից ազատել աշխատանքից, իրեն զբաղեցրած պաշտոնում ժամկետը լրանալու կապակցությամբ: Ռեկտոր՝ Ն.Առաքելյան
Ոչ մի հղում որևէ փաստաթղթի, որը ցույց տար, թե ինչ ժամկետի մասին է խոսքը, ոչ մի հղում աշխատանքիային օրենսգրքի որևէ հոդվածի: Ակնհայտ է՝ ուղղակի ազատել են, և վերջ: Մարդը 30 տարի դասավանդել է համալսարանում և այն էլ ինչպես: Այսպիսի երկարամյա աշխատողներին սովորաբար հանդիսավոր արարողությամբ են վաստակած հանգստի ուղարկում, երախտագիտություն հայտնում, դեռ մի բան էլ պարգևատրում: Իսկ Իշխանյանն իր ազատվելու փաստը կարծեմ մամուլից իմացավ: Այ, այսպես: Այս երեք տողն էր նրա 30-ամյա ավանդի հատուցումը:
Տեղին եմ համարում ներկայացնել ակադեմիկոս Էրիկ Աթայանի (ի դեպ, և՛ լեզվաբան, և՛ փիլիսոփա) նամակը՝ ուղղված Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ն.Առաքելյանին, որ գրել է 1992 թ. հուլիսի 3-ին:
«Համալսարանի խորհրդի անդամ չեմ (առողջությանս վիճակը թույլ էլ չի տալիս, որ լինեմ), բայց որպես համալսարանի բազմամյա աշխատող ինձ ինչ-որ չափով պատասխանատու եմ զգում նաև այդ խորհրդի որոշումների համար:
Այս առումով ինձ պարտավորված եմ համարում նշել, որ պրոֆ. Ռ. Իշխանյանի վերաբերյալ խորհրդի հայտնի որոշումը ինձ (և ոչ միայն ինձ) վրա ծանր տպավորություն գործեց՝ հիշեցնելով այն ժամանակները, երբ հարցերը լուծվում էին ոչ թե անհատի՝ գիտության կամ մանկավարժության բնագավառում ունեցած ծառայությունների, այլ գաղափարական տարաձայնությունների հաշվառմամբ: Ես էլ սկզբունքորեն դեմ եմ Իշխանյանի պաշտպանած որոշ գաղափարներին, ինչի մասին ասել եմ իրեն անձամբ, բայց չեմ կարող չհարգել այն հետևողականությունն ու համարձակությունը, որոնցով նա պայքարում էր՝ իր տեսակետները կյանքում իրագործելու համար: Չեմ խոսում արդեն թե՛ գիտության և թե՛ մանկավարժության մեջ նրա ունեցած իրական վաստակի մասին: Եթե խորհրդին հայտնի էին ինչ-որ լրացուցիչ տվյալներ, որոնք անծանոթ են հասարակայնությանը, ապա անհրաժեշտ էր դրանք հրապարակել նախապես: Սակայն նման տվյալների գոյությունը կասկածելի եմ համարում: Հակված եմ կարծելու, որ պրոֆ. Իշխանյանի թեկնածության դեմ քվեարկելիս խորհրդի զգալի մասը թյուրիմացության մեջ է եղել, և որ խորհուրդը կվերանայի իր այդ որոշումը, որը հակառակ դեպքում ևս մեկ բիծ կդառնա համալսարանի վրա և կարող է անցանկալի նախադեպ ծառայել ապագայում»:
Այդ բիծը մինչ օրս մնացել է համալսարանի վրա, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ի դեպ, հանրապետության նախագահն է:
Երբ ինչ-որ անհաղթահարելի բանից վշտանում էի, Իշխանյանն ասում էր. «Շատ մի մտածիր, էս աշխահն էսպես եկե՜լ է, էսպես էլ գնո՜ւմ է»: «Գնում է, բայց ո՞ւր»,- պատասխանում էի: Քահ-քահ ծիծաղում էր:
Աշխարհի ընթացքը, այնուամենայնիվ, կարողանում են կամ գոնե կյանքի ամբողջ ընթացքում ջանում են փոխել բացառիկ, օժտված մարդիկ` թողնելով այնպիսի հետք, որը հնարավոր չէ որևէ որոշումով ջնջել: Իշխանյանը նրանցից մեկն էր: