Սիրված դերասան, երջանկահիշատակ Ազատ Գասպարյանի` շախմատի հանդեպ սիրուց պատմում է նրա 19-ամյա թոռնուհին` Արուս Տիգրանյանը:
«Պապիկս շատ էր սիրում շախմատ խաղալ: Երբ ընկերներով հավաքվում էին եւ սկսում խաղալ, նրանց խաղատախտակներից շեղել ոչ մի կերպ հնարավոր չէր: Պապիկիս տուն շատ մտավորականներ էին գալիս շախմատ խաղալու` նկարիչ Հաղթանակ Շահումյանը, քանդակագործ Տիգրան Արզումանյանը, դերասան Անդրանիկ Հարությունյանը…»:
Ազատ Գասպարյանն իր թոռներին միշտ հորդորում էր շախմատ խաղալ սովորել, ասում էր, որ այս կյանքում երկու բան կա, որ հատկապես զարգացնում է մարդու մտածելակերպը, հետեւողականությունը, բարելավում ապրելակերպը` շախմատն ու մաթեմատիկան: Պապիկի նման խոսքերն առիթ հանդիսացան Արուսի եւ իր ավագ քրոջ` Հասմիկի համար, որ սկսեն հաճախել շախմատի դպրոց:
«Պապիկս մեզ համար շատ լավ շախմատ գնեց, իսկ երբ շախմատի դպրոցում արդեն սովորեցինք քայլերը, մեզ հետ նստում եւ խաղում էր: Ու նա այնքան էր իմ ու քույրիկիս հետ առանձին-առանձին շախմատ խաղում, որ երկուսս էլ հավասար հաղթած լինեինք: Այսինքն` եթե ես մի պարտիա պարտվել էի, իսկ Հասմիկը հաղթել, պապիկն անպայման մի պարտիա էլ էր հետս խաղում, որ ես հաղթեի (ժպտում է` Ժ.Պ.)»:
Արուսն ինքը շախմատի դպրոց քիչ է հաճախել, նրա ավագ քույր Հասմիկը` ավելի շատ: «Քույրս անընդհատ հաղթում էր ինձ, այդ պատճառով էլ թողեցի շախմատը»,- պատմում է Արուսը: Այսօր քույրերի առօրյայում շախմատը մասնագիտական առումով տեղ չունի` Արուսը ապագա լրագրող է, 21-ամյա Հասմիկը` հոգեբան: Սակայն, ինչպես պապիկն էր ասում, շախմատը երկուսի մեջ էլ հետեւողականություն եւ մտածելու կարողություն է ձեւավորել, ինչն էլ իրենց կյանքում մշտապես կիրառում են:
Իսկ այսօր շախմատի դպրոց է հաճախում Ազատ Գասպարյանի 10-ամյա թոռ Դավիթը: «Դավիթը հենց պապիկի գնած շախմատով է խաղում ու շատ տարված է շախմատով, շատ հմուտ է խաղում եւ հնարավոր է անգամ, որ շախմատիստ դառնա: Ցավոք, պապիկի հետ Դավիթը երբեք շախմատ չի խաղացել. այն ժամանակ շատ փոքր էր»:
Արուսն ամփոփում է. «Ես այսօր էլ, եթե շախմատ եմ խաղում, շատ հավեսով եմ խաղում, քանի որ պապիկիցս դա եմ սովորել: Նա առանձնահատուկ մոտեցում ուներ շախմատի նկատմամբ: Ընդհանրապես կյանքում ամեն ինչի մեջ նա շատ մեծ սեր էր դնում եւ «համեղ» էր դարձնում այդ ամենը: Նույն կերպ մեր` իր թոռների համար, նա «համեղ» և սիրելի էր դարձրել շախմատը»:
Ժաննա Պողոսյան