ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը հողատարածքի սահմաններից դուրս տեղադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 3 բնակիչ ծեծի են ենթարկել իրեն, կնոջը և որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կոտրել են որդուն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները ու կողային հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատի տարածքը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու շուրջ վիճաբանություն է առաջացել Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարի և նույն համայնքի 3 բնակչի միջև, որի ժամանակ վերջիններս հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով ու գետնից վերցրած քարերով հարվածել գյուղապետին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր միջամտել էին վիճաբանությանը:
Այնուհետև վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ նույն գյուղի բնակիչները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև՝ կոտրել համայնքի ղեկավարի որդու կողմից վարած, իրենց ուղղությամբ ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները և կողային հայելիները:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: