Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում ներկայացնում է Թուրքիայում բնակվող ալևիների պատմությունը:
«Չնայած՝ Թուրքիայի հանրապետության սահմանադրությամբ ժամանակակից Թուրքիայում ազգություններ չկան, իրականում էթնիկ առումով Թուրքիան աշխարհի ամենախայտաբղետ երկիրն է: Խնդիրը սակայն, կայանում է ոչ միայն երկրի բազմազգության մեջ, այլև՝ մինչ օրս շատ էթնիկ խմբերի շուրջ տարակարծություններ կան, թե նրանք ովքե՞ր են, երբվանի՞ց են հայտնվել պատմության թատերաբեմում, ի՞նչ ծագում ունեն…
Թե՛ պատմամշակութային, թե՛ էթնիկ առումով, Թուրքիայի հանրապետության տարածքը թվում է՝ ամենալավն է ուսումնասիրված, սակայն օրեցօր ի հայտ եկող խնդիրները սպասում են հետազոտողի ուշադրությանը:
Այս առումով կարևոր է ալևիների ծագումնաբանությունը, նրանց սովորույթները, կենցաղն ու կյանքն ուսումնասիրելը, քանզի, նրանք ապրում են հայոց պատմական հայրենիքի տարածքում, ապաև՝ ալևիների հայկական ծագման մասին վարկածը, թերևս, ամենամոտն է իրականությանը:
Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ալևիների հայկական ծագման մասին, չնայած իր թուրքամետ դիրքորոշմանը, տարիներ առաջ համարձակ հայտարարություն արեց Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Աթեշյանը, ասելով, թե Թուրքիայի ալևիների 90 տոկոսը հայեր են…
Կարծում եմ, սա քաղաքական ենթատեքստ ուներ և արվեց թուրքական իշխանությունների ճնշմամբ ու պատվերով, որպեսզի թուրք ազգայնամոլների շրջանում հերթական հիստերիան բարձրանա ալևիների նկատմամբ…
Ալևիների թվաքանակի մասին հակասական տվյալներ կան շրջանառության մեջ. 3 միլիոնից մինչ 20 միլիոն: Վերջին թիվը բնականաբար, խիստ ուռճացված է և արժանահավատ չէ. Ամենավառ երևակայությամբ անգամ դժվար է պատկերացնել, որ ժամանակակից Թուրքիայի բնակչության քառորդ մասն ալևի է:
Առհասարակ՝ շատերը նրանց առանձին էթնիկ խումբ են համարում և գտնում են, որ իրենք հայերից, քրդերից, թուրքերից համասերված ու նոր ձևավորված ժողովուրդ են: Ալևիներն իրենք իրենց դասակարգում են այդ խմբերով՝ զազա – ալևի, թուրք-ալևի, քուրդ-ալևի, հայ-ալևի…
Այսօր թուրքական իշխանությունները ճնշումներ ու բռնարարքներ են գործադրում ալևիների նկատմամբ՝ վարելով ազգային զտման քաղաքականություն, ինչը բնավ, անպատասխան չի մնում և ալևիները ըմբոստանում են:
Ընդգծված են հակասությունները ալևիների և սուննի թուրքերի միջև, ինչը բազմիցս արյունահեղ բախումների տեղիք է տվել:
Հատկապես 20-րդ դարի 70-ական թվականներին, մի շարք արյունահեղ բախումներ եղան: Պետք է նշել, որ թուրքական իշխանությունները անթաքույց խրախուսում են սուննի թուրքերին՝ հրահրելով նման բախումներ: Մասնավորապես, 1978 թվականին Մալաթիայում, Մարաշում և Սվազում լուրջ բախումներ եղան, որի արդյունքում հարյուրավոր ալևիներ զոհվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին… Թուրքիայի մզկիթներում մոլլաները ալևիների դեմ ջիհադի՝ սրբազան պատերազմի կոչեր էին հնչեցնում:
Ամեն դեպքում՝ պետության կողմից իրականացվող այս ճնշումը ալևիներին ստիպեց ավելի համախմբվել, հանդես գալ ոչ միայն որպես համայնք, այլև՝ քաղաքական միավոր, ինչը փաստի առաջ կանգնեցրեց թուրքական իշխանություններին: Մանավանդ այսօր, երբ ալևիների և քրդերի միջև դաշինքի ուրվագիծը ավելի պարզ ու ընդգծված է դառնում:
Հատկանշական է, ալևիներն իրենք ազգային միասնության անհրաժեշտ բաղադրիչը չունեն. Նրանք խոսում են տարբեր լեզուներով: Բայց, գնալով մեծանում է մարդկային այն զանգվածը, որ իրեն ալևի է կոչում:
Առհասարակ, ուսումնասիրողները ալևիներին դիտում են ոչ թե որպես ազգություն, այլև՝ կրոնական համայնք: Այստեղից է գալիս պնդումը, թե ալևիների բացարձակ մեծամասնությունը ծագումով թուրքեր են: Սխալը գալիս է նրանից, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ երկրում ազգային փոքրամասնություններ չկան. Կան կրոնական համայնքներ:
Այս տեսակետը կարծում եմ, ի սկզբանե սխալ է. Սխալ է նաև մոտեցումը: Մասնավորապես, ալևիները որևէ խնդիր չունեն սուննի քրդերի հետ, հետևաբար՝ նրանց հակասությունը թուրքական պետության հետ ոչ թե կրոնական, այլ ազգային հողի վրա է: Սխալ է նաև տեսակետը, թե ալևիների ութսուն տոկոսը ծագումով թուրքեր են:
Ի դեպ. Եթե ալևիներն առաջ իրենց պայքարը մղում էին՝ պայքարի գաղափարական հիմքում դնելով սոցիալիզմի գաղափարը, այժմ նրանք արդեն բացեիբաց պայքար են մղում առանձին համայնք դառնալու և որպես առանձին ազգային-կրոնական միավոր հանդես գալու համար:
Այն, որ ալևիների մոտ ինքնագիտակցությունը ազգային հողի վրա է, վկայում է նաև փաստը, որ այսօր հակաթուրքական զինված պայքարում ալևիների մասնակցությունն ու անդամակցությունը Քրդական բանվորական կուսակցությանն աննշան է:
Դեռևս նախորդ դարասկզբին՝ 1920-30-ական թվականներին, երբ բռնկվեց Դերսիմի ապստամբությունը, Սայիդ Ռզայի գլխավորությամբ, այնտեղ էլ կրոնական որևէ խնդիր չէր արծածվում: Ավելին, ալևիները, քրդերը, հայերը միասնաբար կռիվ էին տալիս թուրքական տիրապետության դեմ: Արդյունքում՝ մինչև 70.000 դերսիմցիներ յաթաղանի զոհ դարձան, բայց դարձյալ չընկճվեցին և չկորցրեցին իրենց մարտական ոգին:
Դերսիմի ապստամբության պարտությունից հետո ալևիները պարփակվեցին իրենց ներհամայնքային կյանքով և Թուրքիայի կենտրոնում այսօր էլ ներկայանում են որպես յուրահատուկ մի ,,կղզի,,, ուր ապրում են յուրովի՝ առանձնացած կյանքով, սովորույթներով, կենցաղով…
Թուրքիայում այսօր էլ հանրությունը անթաքույց հետաքրքրություն ունի ալևիների կենցաղի, սովորույթների, կրոնի, աշխարհայացքի նկատմամբ: Ի դեպ, Թուրքիայում մինչ օրս գրքեր և հոդվածներ են լույս տեսնում՝ և ստահոդ լուրեր են տարածվում ալևիների կենցաղի և սովորույթների մասին, նրանց մեղադրելով պիղծ բարքերի, սովորությունների մեջ:
Թուրքական պետությունը այսօր ռազմական միջոցներից զատ այլ միջոցների է դիմում՝ ալևիներին իրենց բնակավայրերից տարագրելու և նրանց կենտրոնացումը խափանելու համար: Մասնավորապես՝ 1980-ական թվականների վերջից Դերսիմի շրջանում գտնվող անտառները Անկարան հայտարարեց ազգային պարկ և ալևիների հարյուրավոր բնակավայրեր հարկադրեց դատարկել՝ բնակչությանը ցրելով և վերաբնակեցնելով արևմուտքում: Ինչպես նաև՝ իշխանությունները Եփրատ գետի վրա ջրամբարներ են կառուցում ,,տնտեսական,, նպատակներով, այնպես նախագծելով, որ տասնյակ ալևի բնակավայրեր հայտնվեն ջրի տակ:
Ալևիներն այսօր իրենց ազգային տոներն ունեն, անգամ Դերսիմում ամեն տարի մեծ միջազգային փառատոն են անցկացնում: Հաջիբեկթաշի փառատոնն ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների մուտք է ապահովում, որով լուսաբանվում է ալևիների կենցաղը, սովորույթները….
Ի դեպ, ալևիների տարծման աշխարհագրությունը չի սահմանափակվում Թուրքիայով: Նրանց հոծ զանգվածներ բնակվում են նաև Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, որի նախագահ Բաշար Ասադը նույնպես ալևի է:
Ալևիների կրոնը մինչ օրս լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Կարելի է ասել՝ այն հավաքական է՝ քրիստոնեության, իսլամի և հայ միհրականության: Համենայնդեպս՝ ալևիները չեն ընդունում իսլամը, Ալլահին, Մուհամմեդ մարգարեին, նրանք մոմ են վառում երբեմն…
Ի դեպ, դեռևս 19-րդ դարում նրանց Օսմանյան կայսրությունում հենց այդպես էլ կոչում էին՝ մոմ վառողներ, ինչը լրացուցիչ կռվան է պնդելու, որ ալևիները չունեն ո՛չ թուրքական, ո՛չ քրդական ծագում:
Հայերը ալևիներին տվել են ղզլբաշ՝ կարմիր գլուխ անվանումը, թուքերը՝ զինդիկ՝ անհավատ: Հետաքրքիր է, որ զինդիկ բառի գիտական բացատրությունն այն է, երբ որևէ խմբավորում հանդես է գալիս՝ իսլամի քողի տակ պահպանելով իր նախնյաց պաշտամունքը:
Շատ ուսումնասիրողներ ալևիներին իրանական ծագում են վերագրում: Չնայած առկա ընդհանրացումներին՝ ալևիների հիմնական խմբաքանակը իրանական ծագում ունենալ չի կարող: Միջնադարում իրանա-թուրքական շարունակական հակամարտությունների և արյունահեղ պատերազմների պատճառով, ուղղակի անհնարին էր Իրանի տարածքից խոշոր խմբաքանակով ներթափանցումը Օսմանյան Թուրքիա: Բացի այդ՝ ալևիները ապրել ու ապրում են իրենց հայրենի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում և նրանք այստեղ եկվորներ չեն, տեղաբնիկ են. Այս առումով ավելի հիմնավոր է պնդումը, թե ալևիները հայկական ծագում ունեն:
Ալևիների կենտրոնը պատմական Ծոփք նահանգի Դերսիմ քաղաքն է, որ այսօր կոչվում է Թունջելի:
Իմ կարծիքով՝ ալևիները հայոց հին դավանանքի հետնորդներն են եղել, որ 301-ին չընդունելով քրիստոնեություն, առանձին, մեկուսի ապրեցին մինչ օրս: Սա հեռու չէ ճշմարտությունից և տեսակետի օգտին խոսացող փաստեր կան: Նախ, միջնադարյան շատ հայ պատմիչներ են նշում, որ դեռևս 12-14-րդ դարերում պատմական Հայաստանում արևորդիներ կամ արորդիներ են ապրել՝ առանձին համայնքներով:
Իսկ մեկուսի ապրելու հնարավորություն միջնադարում, իհարկե կար. Անգամ մեր օրերում, մինչև 1960-ական թվականները Դերսիմի հայերն իրենք համոզված էին, թե ցեղասպանությունից փրկված միակ հայերն են աշխարհում… դա 20-րդ լուսավորյալ դարում… միջնադարում բնականաբար, շատ ավելի մեծ հնարավորություն կար մեկուսի պարփակված կենցաղավարությամբ պահպանել ազգային դավանանքն ու ինքնությունը:
Առհասարակ, 18-19-րդ դարի աղբյուրները հավաստում են, որ Դերսիմի շրջանում հայկական, քրդական բնակավայրերի հետ կային նաև ղզլբաշների գյուղեր, բայց նրանց թվաքանակն էական չի եղել: Պետք է եզրակացնել, որ ցեղասպանության ժամանակ հայերն ուղղակի չցանկանալով իսլամ ընդունել՝ պահեցին իրենց գոյությունը՝ ալևի ձևանալով:
Ի դեպ, Դերսիմից հեռու չեն հին հայոց հեթանոսական գլխավոր սրբավայրերը՝ պատմական Երիզան, որ այժմ Երզինջա է կոչվում և որտեղ գտնվել են հեթանոս հայերի գլխավոր պաշտամունքային վայրերը: Հենց Դերսիմում և ոչ հեռու գտնվող Մնձուրում էլ կան նման պաշտամունքային վայրեր և ալևիները մեծ ակնածանքով են վերաբերվում դրանց:
Մասնավորապես՝ Անահիտի աղբյուրները. Հորդառատ ու վճիտ աղբյուրներ, որ բխում են գետնի տակից, նախ հավաքվում, լճանում, ապա վտակի տեսքով հոսում դեպի Մնձուր գետը: Տեղաբնակները սրբազան ջրեր են դրանց անվանում… Տեղային պաշտամունքով այս աղբյուրները բխում են Անահիտ դիցամոր 40 ստինքներից և սրբազան են համարվում: Անահիտի աղբյուրների ջուրը կարելի է խմել, բայց նրանով լվացվել չի կարելի, դրանով պղծած կլինեն ջուրը: Աղբյուրի ակի մոտ ալևիներն անգամ մոմ են վառում և իսկապես նրանց վերաբերվում որպես սրբություն:
Այսօր էլ ալևիների ծիսակարգում պահպանված են շատ բնապաշտական սովորույթներ: Առհասարակ, նրանց սովորույթները կարելի է համարել քրիստոնեության, հայ արիական դավանանքի, իսլամի հետաքրքիր սինթեզ:
2015 թվականի ամռանը արորդիներով ուխտագնացության էինք գնացել Արևմտյան Հայաստան: Երթուղին նաև Դերսիմով էր անցնում, ուր մեզ ջերմ ընդունելություն և հյուրընկալություն էր սպասվում: Այնտեղ ես հարցազրույց ունեցա տեղական հեռուստաընկերության լրագրողների հետ՝ երկու հաճելի տիկնայք, որոնցից մեկը հայուհի էր, մյուսը՝ ալևի: Եվ զրույցի ընթացքում ալևի տիկինը պատմեց իրենց դավանանքի մասին, համաձայն որի, Արևը, ում երկրպագում են, ամեն առավոտ ծնվում է ժայռի մեջից, երեկոյան՝ մայր մտնում ծովում… Եվ դա հավերժ պտույտ է, որ խորհրդանշում է բարու և չարի հավերժական պայքարը….
Սրանք հենց հայոց միհրականությունից՝ Լույսի և Արդարադատության աստված Միհրի պաշտամունքից մնացած տարրերն են, որ ալևիները պահպանել են ու պաշտում են մինչ այսօր…»: