Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը facebook-ի իր էջում. «Եկեղեցին հիշատակում է երկու դեպք՝ մեղավոր մի կնոջ կողմից թանկագին յուղով Քրիստոսի գլուխն օծելը և Հուդայի մատնությունը: Երկու հակադիր պատկերներ. մեղավոր կնոջ մտածման կիզակետում Աստված է և Նրա հետ կապված ամեն ինչ, իսկ Հուդայի համար կարևոր են սեփական եսը, դրամը և իշխանությունը:
Հուդան տեսել էր Քրիստոսի կատարած հրաշքները, բժշկություններն ու Նրա աստվածային զորությունը, բայց այդպես էլ չէր հասկացել Քրիստոսի մարդեղության խորհուրդը: Նա ոչ միայն ուրացավ և դավաճանեց Տիրոջը, այլև ավելի մեծ մեղք գործեց՝ անհուսությունից իրեն կախեց: Մատնիչներ և դավաճաններ միշտ էլ եղել են և կլինեն, այդպիսիներին օգտագործում են և վերջում դեն նետում:
Նրանք արդարացում չունեն, չնայած մեր ժամանակներում նման փորձեր արվում են: Այսօր խորհելու շատ բան ունենք՝ մեր կյանքում որքան տեղ ունի՞ Աստված, Պետրոս առաքյալի նմա՞ն ենք, որ ուրացավ Քրիստոսին, բայց հետո ապաշխարեց, թե՞ ամեն դեպքում Հուդան ավելի շատ է մեր մեջ: Չգիտեմ. թող ամեն մեկն իր համար բացահայտի այս հարցումների պատասխանները…»:
***
Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ):
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: