«Այսօր մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժանելի մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն: Ուստի հայերենում նման մարդկանց համար գործածում ենք «ննջեցյալ» բառը, այսինքն` նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են, քնած` մեկ օր արթնանալու հույսով և հարության հավատով:
Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, քանզի աներկբա հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց այս հարության հավատքի և համոզման, քրիստոնեություն չկա: Ննջեցյալի համար կարևոր են ոչ թե ճոխ թաղումն ու խոսքերը, այլ մշտամնա աղոթք նրա հոգու հանգստյան համար և խնդրանք, որպեսզի Աստված նրան Իր անբավ ողորմությամբ դատի, ինչպես նաև նրա հիշատակի պահպանում ընտանիքում և շրջապատում: Քանի դեռ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին և նրանց համար աղոթում, նրանք կենդանի են մեզ համար», իր էջում գրել է Հայր Սուրբը: