Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով հայտնվել է Հրազդան գետում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով հայտնվել է Հրազդան գետում

Ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հեևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը:

Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մինչ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում վարորդին, Բջնի գյուղի բնակիչները մի մարդու նման օգնության ձեռք մեկնեցին վարորդին՝ դեպքի վայր բերելով վերամբարձ կռունկ և քարշակ ու ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս բերեցին գետից: