Ֆուտբոլասերների շրջանում քննարկման լայն առարկա է դարձել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը: Հիշեցնենք, որ երեկ մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական էր տվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարության համաձայն, նոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Ո՞վ կարող է ոտքի կանգնեցնել մեր հավաքականը, որը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը:
Կարելի է ենթադրել, որ ՀՖՖ-ն և մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ազգային թիմի նոր մարզչի հետ: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի հավաքականը գլխավորելու ամենահավանական թեկնածուներն են «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց ու Վարդան Մինասյանը: Վերջինիս ջանքերով մեր հավաքականը պատմության ընքացքում ամենաբարձր արդյունքներն է գրանցել, ցուցադրելով որակյալ ֆուտբոլ: Մինասյանը հեռանալուց հետո ըստ էության դարձել է մեր հավաքականի գլխավոր մարզչի մշտական թեկնածուն: Երկրպագուները շարունակ հիշում են այս մասնագետին և ցանկանում են կրկին տեսնել հավաքականի ղեկին:
Նշենք սակայն, որ ստեղծված իրավիճակում Մինասյանը, որ բավական սկզբունքային մասնագետ է, դժվար թե ցանկանա իր վրա վերցնել ծանր բեռը: Ավելի ստույգ գլխավորելով հավաքականը և չհրավիրելով Յուրա Մովսիսյանին և Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում գտնվող մյուս խաղացողներին, Մինասյանը այսպես ասած երկրպագուների աչքից կընկի: Երկրպագուի աչքից կընկնեն նաև Հայաստանից մյուս բոլոր մասնագետները, որոնք կաշխատեն Հայրապետյանի գրած ցուցակով: Երեկ Վարդան Մինասյանը հերքել էր ազգային հավաքական վերադառնալու մասին լուրերը: Կարծում ենք ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը չի գլխավորի բարձրակարգ մասնագետ, քանզի Ռուբեն Հայրապետյանը ամենևին չի պատրաստվում լուրջ գումարներ ներդնել: Ժամանակին ներկայիս «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիլիլիանո Ալեգրին տարեկան 1 միլիոն դոլարով պատրաստ է եղել գլխավորել մեր հավաքականը, սակայն Հայրապետյանը նման շռայլություն թույլ չի տվել:
Ամբողջությամբ՝ 1in.am