Բաքվի ամենահայտնի հայկական եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում` շատրվանների հրապարակի հարևանությամբ, ժամանակին լի էր կյանքով և իր հարկի տակ ոչ միայն հայերին էր ընդունում։ Այսօր այն կանգնած է լուռ` որպես անցած դարի խորհրդանիշ, և միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին է գրավում…
Հայտնի առցանց հանրագիտարանում «Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական վանքերի ցանկ» անվանումով հոդված կա։ Այնտեղ նշված է, որ Բաքվում 5 հայկական եկեղեցի է եղել ժամանակին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Աստվածածինը (XVII դարի), Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների եկեղեցին, Սուրբ Հարության մատուռն ու հայ-լյութերական եկեղեցին։
Բոլոր այդ եկեղեցիների անունների դիմաց նշված է` «քանդած է», բացի մեկից` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։ Այդ անվան դիմաց նշված է`«գրադարան»։
Կռահել, թե ինչու Ադրբեջանի կառավարությունն այդ մեկ եկեղեցու նկատմամբ իրեն բնորոշ վայրագ քաղաքականություն չի իրականացրել, դժվար չէ։ Սարսափելի վանդալիզմի և այլ ժողովուրդների, մասնավորապես հայերի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետ մեկտեղ կառավարությունը որոշել է թողնել միակ հուշարձանը, որը հնարավոր կլինի մատնացույց անել, եթե որևէ մեկը համարձակվի Ադրբեջանին մեղադրել անհանդուրժողականության մեջ… Ամեն դեպքում, այս հոդվածն այդ մասին չէ։
Ճակատագրի շրջադարձերը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, աղբյուրի համաձայն, կառուցվել է 1863 թվականին Շեմախու հայոց թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Շահնազարյանցի նախաձեռնությամբ։ Շինարարության համար ֆինանսական միջոցներ էր տրամադրել Ջավադ Մելիքովը։ Ասում են, որ նա հենց նույն տարում հարստացավ` Ապշերոնի նավթաբեր տարածաշրջանում սեփական նախագծման առաջին նավթաթոր սարքը գործարկելով։ Շենքի հեղինակը Մոսկվայի հայտնի ճարտարապետ, էկլեկտիզմի և մոդեռնիզմի վարպետ Կարլ Գիպպիուսն է:
Շենքն օծվել է 1869 թվականին, չնայած շինարարությունը դեռ չէր ավարտվել և երկու տարի շարունակվելու էր։ Շուտով վանքի տարածքում ծխական դպրոց և գրադարան կառուցվեց, իսկ 1888 թվականին տեղադրվեցին զանգերը։ 1918 թվականին եկեղեցին մայր տաճար դարձավ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am