ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի քաղաքական թեմաներով մեկնաբանություններն ու հարցազրույցները հրապարակվում են գրեթե ամեն օր, համարյա բոլոր կայքերում: «Ապառաժ»-ը ևս բազմիցս առիթ է ունեցել զրուցելու Հայ ազգի, Հայ Դատի և հայրենիքի Նվիրյալ Գասպար Կարապետյանի հետ: Այս անգամ, սակայն, զրույցի թեման քաղաքական չէ. նյութն ամբողջությամբ նվիրված է Գասպար Կարապետյան անհատին:
– Հիմնական ի՞նչ սկզբունքներով են դաստիարակել ձեզ Ձեր ծնողները:
– Դաստիարակությունս, անշուշտ, ազգային էր։ Մայրական կողմի պապիկս ունեցել էր ազգային, կուսակցական անցյալ և եղել է Մուստաֆա Քեմալի ուժերի կողմից փնտրվող անձերից մեկը Իզմիրում: Ծնողներս ևս կրելով ազգային դաստիարակությունը՝ նույն սկզբունքներով են դաստիարակել ինձ՝ նախ ուսում տալով հայկական նախակրթարանում, ապա անդամագրելով ինձ նոր հիմնված ՀՅԴ պատանեկան, երիտասարդական և սկաուտական միություններին: Հիմնական դերակատարություն ունեցավ նաև Բեյրութի Նշան Փալանջյանի անունը կրող գիշերօթիկ վեցամյա ճեմարանը, որտեղ ուսում ստացա Սիմոն Վրացյանի տնօրինության և Մուշեղ Իշխանի, Գառնիկ Փանյանի, Հրաչ Տասնապետյանի, Կարո Սասունի, Կոմսի, Արշավիր Շիրակյանի և Միսաք Թոռլաքյանի շնչով։
– Որո՞նք են սփյուռքում ապրելու լավ և վատ կողմերը:
– Սփյուռքում ապրելու վատ կողմը նախ և առաջ ձուլվելու վտանգն է, ինչը հասկանալի է և անխուսափելի։ Մեր կառույցներն ու նախ և առաջ ընտանիքները պետք է կարողանան դիմադրել այդ վտանգին: Մենք ամեն երկրում չէ, որ ունենք հայկական դպրոցներ, ակումբներ, միություններ և եկեղեցիներ, որոնք պետք է հայկականության ճանապարհը ցույց տան երիտասարդությանը։ Բայց, այնուամենայնիվ այսօրվա դրությամբ մենք հաջողում ենք այս հարցում:
Լավ կողմն այն է, որ բազմաթիվ երկրներում ունենալով հսկա սփյուռք, կարելիություն ունենք ազդելու, ճնշում գործադրելու և այնպիսի գործունեություն ծավալելու, որը բխում է Մայր հայրենիքի շահերից:
– Ինչպե՞ս որոշեցիք թոշակի անցնելուց հետո ուսում ստանալ Հունաստանի Ազատ համալսարանի «Եվրոպական պատմության և մշակույթի» բաժնում:
– 2007 թվականին, 59 տարեկան հասակում որոշեցի, որ պետք է լուրջ գործով զբաղվեմ: Հունաստանի Ազատ համալսարանը երկրորդ մասնագիտություն ունենալու հնարավորություն էր ընձեռնում տարիքով մեծ կամ ուսումը կիսատ թողած անձանց։ Բախտ ունեցա ընդունվել և երեք տարի հեռակա ուսում ստանալ «Եվրոպական պատմության և մշակույթի» բաժնում:
Թեև երկար տարիներ փորձառություն ունեի քաղաքական կյանքում, բայց պետք է ասել, որ այդ համալսարանն ինձ բավականին օգնեց հասկանալու և ճիշտ գնահատելու որոշ հարցեր:
– Անդամակցել եք Համազգայինի թատերական խմբին: Հետաքրքիր է՝ որպես դերասա՞ն:
– Այո, որպես դերասան: Դա շատ երիտասարդ տարիքում էր/ժպտում է․-հեղ․/։ Համազգային հայ կրթական միության շրջանակներում Հունաստանում գործում էր թատերական խմբակ, և ես, որպես ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ, օգնեցի մի քանի ներկայացումների բեմականացմանը:
Հիշում եմ՝ խաղացել եմ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի գլխավոր հերոս Աբիսողոմ աղայի դերը։ Նաև մի քանի անգամ տեր հոր և ֆիդայիների դերեր։
Թատրոնի նկատմամբ սերս առաջացել էր վաղ տարիքից և մինչև այսօր հաճախ եմ լինում ներկայացումների:
– 1991 թվականից առ այսօր աշխատում և ղեկավարում եք ՀՅԴ Հայ Դատի տարբեր գրասենյակներ: Ի՞նչ է Ձեզ համար Հայ Դատը. արդյո՞ք ապրելակերպ:
– Մինչև Բրյուսելում հաստատվելս և Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահությունը ստանձնելը երկար տարիներ աշխատել եմ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբում ե՛ւ որպես հանձնախմբի անդամ, ե՛ւ որպես նախագահ:
Հայ Դատը իմ կյանքի ճանապարհն է։ Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու՝ Արցախի ճանաչումը, Ցեղասպանության հատուցումը, Հայաստանի բարգավաճումը, ջավախքահայության և սիրիահայության հարցերը մեր առջև են։ Դա մեր առաքելությունն է և պարտավորությունը:
– Հայ Դատի նպատակներին հասնելու ո՞ր փուլում ենք այսօր:
– Փուլ չի կարող լինել, որովհետև կյանքը մնայուն ընթացքի մեջ է։ Արցախը ազատագրվեց, բայց Արցախի հարցը չլուծվեց դրանով։ Հայաստանն այսօր անկախ է, բայց Հայաստանն ահագին մարտահրավերներ ունի իր առջև։ Բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, բայց Թուրքիայի կոցմից ճանաչումը և հատուցումը դեռևս իրողություն չէ:
Նույնիսկ եթե վաղը Արցախի հարցը լուծվի, դրանից հետո պետք է աշխատենք Արցախի բարգավաճման և ավելի լայն շրջանակի, միջազգային ընտանիքի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։ Հայաստանը բարգավաճեցնելուց հետո պետք է ջանք թափենք որպեսզի Հայաստանը կանգնի Սփյուռքի թիկունքին և բարգավաճեցնի սփյուռքի հայկական համայնքները։ Որքան մենք՝ հայերս գոյություն ունենանք, պետք է պայքարենք: Այդ պայքարի մի բաժինը իր վրա են վերցրել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները։
– Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը բոլորովին վերջերս նախաձեռնել է երիտասարդների վերապատրաստման ծրագիր: Կպատմե՞ք ծրագրի մասին. ի՞նչ նպատակ է հետապնդում այն:
– Կարծում եմ, որ նոր սերնդին պետք է փորձառություն ձեռք բերելու հնարավորություն տալ և Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ներկա դրությամբ իրականացնում է երիտասարդական երկու ծրագիր:
Արցախի երիտասարդների վերապատրաստման ծրագրի շրջանակներում 3-4 ամիսների ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում, այնուհետև Եվրոպական խորհրդարանում վերապատրաստում է անցել արդեն 3 երիտասարդ:
Հայաստանի երիտասարդների համար նախատեսված «Վահան Հովհաննիսյան» վերապատրաստման ծրագրում ընգրկվել է արդեն 4 երիտասարդ: Այս ծրագրի տևողությունը 5-5.5 ամիս է:
Ծրագրի շրջանակներում երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում մոտիկից ծանոթանալու Եվրոպային, Եվրոպական խորհրդարանին, աշխատելու խորհրդարանի պատգամավորների հետ:
Ամբողջությամբ՝ aparaj.am