ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառմանը
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառմանը

Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ՀՀ ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Քաղաքացին կարող է դիմել դատարան և քաղաքացիաիրավական հարթակում լուծել այդ հարցը»,- ասաց Ջանոյանը:

Այն հարցին, թե այս դեպքում արդյոք չկան խուլիգանության հատկանիշներ, Ջանոյանը պատասխանեց, որ եթե քաղաքացին մտածում է, որ իր նկատմամբ կատարվել է խուլիգանություն պետք է մասնավոր գանգատով դիմի ոստիկանության բաժին: «Հաղորդման հիման վրա ոստիկանությունը կպարզի դա խուլիգանություն է, թե վիրավորանք: Կարծում եմ՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի գրառման` դա վիրավորանք է»,- ասաց Ջանոյանը:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով` դեպքը կարելի է դիտարկել որպես հրապարակային վիրավորանք: «Այստեղ գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ: Անձը կարող է դիմել քաղաքացիական հայցով, և դատարանը կարող է հրապարակային վիրավորելու մասին որոշում կայացնել, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում կամ՝ վիրավորանք հասցրած անձը հրապարակային ներողություն խնդրի»,- ասաց Ղազարյանը: