Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 7 ամիս շարունակվող Արցախի ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի։ Երբ այլևս վտանգված է 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների, 20.000 տարեցների կյանքը, երբ մի ամբողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ…
«Գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջովին կտրվելով հումանիտար հասանելիությունից, մեր ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական և անհերքելի սպառնալիքի ներքո։ Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել եմ բոլորին, անդադար խոսել շատերի հետ՝ ամեն անգամ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում ապրելու իրավունքի նկատմամբ։
Ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեզ հետ, խոսել եմ խնդրանքով, ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով՝ բոլորս միասին պետք է անենք»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա Վերածննդի հրապարակից դիմեց միջազգային բոլոր դերակատարներին՝ հարցնելով՝ ասում են՝ մարդու իրավունքնե՞ր, այդ դեպքում թող իրեն ասեն՝ ինչպե՞ս նայի ժողովրդի աչքերին և ասի, որ իրենք էլ ունեն իրավունքներ։
«Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է։ Ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում մի բուռ շաքարավազ կամ ձեթ ստանալու համար։ Ինչպե՞ս նայեմ 20.000 տարեցների աչքերին, որոնք օրվա հանապազօրյա հացը հայթայթելու համար անմարդկային դժվարությունների միջով են անցնում։ Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված՝ զոհվածի մոր աչքերին, որ վախենում է՝ կկորցնի իրեն վերջին մնացած սրբությունը՝ զավակի գերեզմանը, պատասխանե՛ք ինձ։
Ուզում եմ, որ դո՛ւք նայեք նրանց աչքերին, դո՛ւք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։
Այնուհետև Արցախի ՄԻՊ-ը խոսքն ուղղեց Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականից վերապահված է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը։
Նա կոչ արեց ռուս խաղաղապահներին՝ տեր կանգնել իրենց մանդատին։
Այնուհետև խոսքն ուղղելով Հայաստանում ապրող հայ ժողովրդին՝ նա կոչ արեց մենակ չթողնել արցախահայությանն իր երազանքի հետ։
Մանրամասները՝ 168.am-ը տեսանյութում
Զվարթ Խաչատրյան