Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Մահացածներից մեկի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Փաստի առթիվ ավագ քննիչ Գրիգոր Ղազարյանի կողմից քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները, և դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից մեկի գլուխը կտրվել է։
Վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողները, ովքեր նաև օգնեցին, որպեսզի ավտոմեքենան քարշակով տեղափոխվի ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։