Երևանը շարժման մեջ է, քաղաքի տարբեր հատվածներում սկսվող ու բոլորովին այլ հատվածներում զարգացող երթերն ու անհնազանդության ակցիաները երևանցիներին պահում են միշտ զգաստ ու պատրաստ վիճակում:
Այս պայմաններում լրագրողները ֆիզիկապես պարզապես չեն հասցնում լինել այն բոլոր կետերում, որտեղ կարելի է ոչ միայն առնվազն որոշ ժամանակ ստատիկ դիրքով ապահովել ուղիղ հեռարձակումը, այլև պարզապես լինել որպես հպանցիկ եղանակով արձանագրողներ:
Ցրված ու արագ փոփոխվող դեպքի վայրերը լրջորեն վերափոխեցին մեդիա դաշտը, որտեղ լրագրողները այլևս չունեն ակտուալ ինֆորմացիա փոխանցելու մենաշնորհ:
Այն, ինչը ակտուալ է կոնկրետ վայրում ու կոնկրետ ժամանակահատվածում, մի քանի րոպե հետո տեղաշարժվում է դեպի քաղաքի մյուս փողոցը:
Կամ էլ՝ բռնկվում է ու տևում միաժամանակ և զուգահեռաբար մի քանի վայրերում:
Տեսածն արձանագրելու ու տեսածին արձագանքելու դերակատարումը արդեն ոչ միայն լրագրողներինն է, այլև յուրաքանչյուր մարդու, որը գտնվում է «հիմա և այստեղ» կոչված կետում ու դառնում է որևէ միջադեպի վկա:
Բնականաբար սմարթֆոն ունեն գրեթե բոլորը, բնականաբար շատերն ունեն նաև ինտերնետ կապ, բնականաբար բոլորն ունեն ցանկություն՝ օգտակար լինելու:
Եվ այդ եռամիասնության շնորհիվ բոլորը նկարահանում են ու արագ տարածում իրենց նյութերը:
Ամբողջությամբ՝ media.am