Սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում: Ատելության ու թշնամանքի սերմանում է: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Շատ բարդ է այսօր զգալ, տեսնել ճիշտ լուծումը, հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ: Ի՞նչ ունենք մենք: Մեր գործընկերները խոսում են էներգետիկայի մասին, երիտասարդությանը նոր շունչ տալու մասին: Այո, այդ էներգիան կա: Այն կառուցողական կլինի՞, այն մեր երկիրը առաջ տանող կլինի՞: Սա էական հարց է»,- ասաց Կարեն Բեքարյանը:
«Սարսափելի վիճակ է տիրում սոցցանցերում: Ատելության ու թշնամանքի սերմանում է: Մենք զգում ենք, որ սա ունենք, որ բերել ենք ջրբաժան գիծ ենք գծում, սև ու սպիտակներով ենք շարժվում, ՀՀԿ-ն ամենավատ ուժն է, գամված է իր աթոռներին… Ժողովուրդ, լավ էլի, ամեն ինչ այդքան պարզ է ու պարզունակ: Նայեք, թե ովքեր են միացել այդ ջինջ շարժմանը, ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքեր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցերը լուծելու մասին… մոռացա՞ք այդ ամենի մասին, շուրջներդ նայեք»,- ասաց Կարեն Բեքարյանը:
«Հայտարարվում է, թե ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալ է պետք, հետո չի ասվում, բայց կարող է դրանից հետո տեղի է ունենում հասունացում, մարդը հասկանում է, որ այդպես չի կարելի, հնարավոր է, որ տեղի ունեցած լինի հասունություն: Բայց սրանից հետո վստահություն է կորել, ուժային կենտրոններում վստահություն ենք խախտել, երեխե´ք, կանգնած Հանրապետության հրապարակում դրա համա՞ր եք սկսել, ձեր ուղերձը տեղ հասե՞լ է, որևէ իշխանություն չի կարող արատներին անտարբեր լինել, տեսնելով դրական էներգիան, բայց արժի՞ արդյոք երկիրը տանել հասցնել մի այլ եզրի»,-ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը հարց տվեց՝ գուցե պետք է գնալ մի ճանապարհով, որ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի, աշխարհին միասնական ուղերձ տրվի: «Հակառակ պարագայում՝ չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև: Աթոռների վտանգը չէ: Մեզնից յուրաքանչյուրը որ կոճակն էլ սեղմի, կրելու է պատասխանատվությունը»,- նշեց Բեքարյանը:
Տեսանյութը՝ 1in.am