«Իսկ Էրիվանում ու Էջմիածնում ամբողջ օդը խմել է հսկա լեռը»
Advertisement 1000 x 90

«Իսկ Էրիվանում ու Էջմիածնում ամբողջ օդը խմել է հսկա լեռը»

Միանգամայն այլ ապրելակերպի եւ ավանդույթների մարդկանց մտածողության մեջ ներթափանցելով, նա կարողացել է խորհրդային ամենաբարդ ժամանակաշրջանում ապրելու ուժը վերագտնել: «Կարծես ամեն ինչը Հայաստանում ասում էր ինձ՝ դու արթուն ես, մի երկյուղիր ժամանակից եւ մի կեղծիր»,- գրել է Մանդելշտամը: Հայաստանում ժամանակն այլ կերպ է հոսել, այն բազմաբույր ու բազմաշերտ է երեւացել: Հին կարպետների նման Հայաստանը թել-թել հյուսվել է Մանդելշտամի աչքի առաջ: Թախիծը, ավանդները, լավաշի բույրը, «կոպիտ քնքշանքը», մահը, գինին, վարդի փշերը, պարզությունը եւ ամբողջականությունը. այդ ասոցիացիաներից ծնվում է Մանդելշտամի պատկերավոր պոեզիան: Մանդելշտամի բանաստեղծություններում որսում ես երանգները եւ տրամադրությունը, սակայն իմաստը բացատրել հաճախ չես կարող: Մանդելշտամն ընթերցողին ընկղմում է իր ասոցիացիաների մեջ, հրավիրում է ինքնուրույն որսալ սեփական զգացմունքները ու գայթակղում է փորձել, շոշափել եւ հարստանալ միանգամայն այլ ժամանակով եւ մշակույթով: Մանդելշտամի «Հայաստան» պոետիկ շարքը կարդալով, կարելի է սիրահարվել Հայաստանին:

Այդպես պատահեց հոլանդացի նկարիչ եւ բժիշկ Սիցե Բաքքերի հետ, ով մի քանի տարի առաջ «վարակվեց» Մանդելշտամով ու Մանդելշտամի Հայաստանով:
Մանդելշտամը բառը չի նույնացնում իրի հետ: «Անվանումն իրի տերը չէ», – գրել է նա: Մանդելշտամը կառուցում է իր բանաստեղծությունները ճարտարապետության կանոններով: «Ես բարձրանում եմ միայն այն աշտարակների վրա, որոնք ինքս եմ կառուցում»,- ասել է նա: Սիցե Բաքքերը, երբեւէ չլինելով Հայաստանում, կառուցել է իր Հայաստանը: Չորս տարի շարունակ նա աշխատել է փորագրանկարների եւ փայտափորագրությունների շնորհիվ իր զգացմունքներն արտահայտել մի երկրի նկատմամբ, որն իր խոսքերով ասած՝ «ոգեւորության աղբյուր է դարձել»: Հոլանդացի նկարչի աշխատանքներում բանաստեղծության տողերը գրված-նկարված են մանկական, անմիջական ձեռագրով: Այդպիսին են եւ նկարազարդումները՝ թարմ, անմիջական ու էմոցիոնալ կոլաժներ: Եվրոպացին այդպես է տեսնում Հայաստանն ու Մանդելշտամի պոեզիան: Նա փորձում է հասկանալի լինել, բայցեւայնպես նրա ստեղծագործություններն ընկալելու համար որոշակի աշխատանք է հարկավոր: Նրանք չեն պարտադրում, այլ հրավիրում են համատեղ ճամփորդության: Գրաֆիկական կերպարները, նշանները, զարդանախշերը, պլաստիկ ժեստերը շատ մոտ են Մանդելշտամի աշխարհայացքին:

Սիցե Բաքքերի «Հայաստանյան շարքն» առաջին անգամ ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում եւ կրել է «Բիբլիական Արարատ» խորագիրը: Արվեստաբան Անահիտ Մինասյանը՝ Պետերբուրգում հանդիպելով Ս. Բաքքերին, նրան հրավիրել է Հայաստան:

Այս օրերին Սիցե Բաքքերը երկրորդ անգամ է ժամանել Հայաստան եւ որոշել է իր 12 աշխատանքները նվիրել մեր Պատկերասրահին: «Ես համադրում եմ գրաֆիկան ու տեքստը,- ասում է Սիցե Բաքքերը։ -Այդպես են աշխատել շատ ռուս ավանգարդիստ պոետներ ու նկարիչներ, որոնցից ես շատ եմ ազդվել: Կարծում եմ, որ միահյուսելով լեզուն ու պատկերը՝ կարելի է շատ ավելին ասել: Դա հեշտ չէ, բայց ստացված արդյունքն ավելի հարուստ է: Ռուսաստանի 20-րդ դարի մաքուր եւ գեղեցիկ պոեզիան լավ չեն ճանաչում Եվրոպայում»: Սիցե Բաքքերը ստեղծել է իր պատկերավոր աշխատանքները ռուս բազմաթիվ բանաստեղծների պոեզիայի հիման վրա՝ Վ.Խլեբնիկով, Ա.Ախմատովա, Բ. Պաստեռնակ: Տեքստը նույն պատկերն է:
Ժամանակակից մի քիչ «հոգնած» եվրոպական կուլտուրան ներշնչանքի աղբյուրը տեսնում է Արեւելքում: «Թվում է, մենք շատ բանի ենք հասել, ամեն ինչ տեսել ենք եւ ամեն ինչ գիտենք: Սակայն մեզ համար Արեւելքի հսկայական հարստությունը դեռ փակ է, բայց այն շատ կենսունակ է եւ բոլորովին էլ հին չէ: Եվրոպան ուզում է Արեւելքի արվեստով վերակենդանացնել իր մշակութային կյանքը»,- ասում է Սիցե Բաքքերը, ով ուզում է ավելի լավ ճանաչել Հայաստանի մշակույթն ու մարդկանց: «Երեւանում՝ նայելով փողոցում քայլող մարդկանց, հասկանում եմ, որ նրանք գուցե այնքան երջանիկ չեն, որքան կցանկանային, սակայն նրանք շատ բաց են եւ պատրաստ են շփման: Հոլանդացիները կարծես կյանքում մի փոքրիկ տարածք են գտել, իրենք իրենց մեջ են պարփակվել եւ չեն ուզում շրջանակներից դուրս գալ: Կա այսպիսի արտահայտություն՝ անընդհատ աշխատում են արմունկներով, որ պահպանեն իրենց տարածքի սահմանները: Դրանով մենք սկսում ենք նմանվել ամերիկացիներին, զարգանում ենք ամերիկյան ճանապարհով, ինչը ինձ բոլորովին չի ուրախացնում: Մանդելշտամի «Հայաստան» շարքն ինձ համար լայնացրեց տարածությունը եւ թույլ տվեց դուրս գալ «սպառողական հասարակության» ազդեցությունից»,- ասում է Սիցե Բաքքերը:

Ազգություն եւ ժամանակ չճանաչող արվեստը դարաշրջաններ եւ ժողովուրդներ է միավորում եւ շշնջում՝ առաջընթացը միայն տեխնիկական չի լինում:

Նունե Հախվերդյան

«168.am»