Ճանապարհը դեպի Ձյունաշող երկար է ու քարուքանդ: Հեռավոր այս գյուղի բնակիչներից ոմանք դժվարությամբ են բացում խորը թաղված հիշողությունների կապոցը: Նրանց ծերացող հիշողությունները նման են գյուղի կնճռոտած ճանապարհներին, որոնք ազդարարում են, որ հետադարձի ճամփան դժվար է:
30 տարի առաջ այս գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք բնակավայրն անվանում էին Ղզլ Շաֆագ կամ «Կարմի լուսաբաց»: Սակայն 1980-ականների վերջին, երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը, գյուղացիները որոշեցին ներքին ինքնակազմակերպմամբ փոխանակել տները 540 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի հայաբնակ Քերքենջ գյուղի հետ:
Քերքենջ գյուղի նախկին բնակիչներից մեկն ասում է, որ Ադրբեջանից հեռանալու միտքն առաջին անգամ առաջացավ 1988-ին` Սումգայիթ քաղաքում հայերի էթնիկ ջարդերից հետո:
«Մի օր, երբ մենք աշխատանքի էինք, ադրբեջանցիներից մեկը եկավ և ասաց, որ պետք է հեռանանք գյուղից: Չէինք կարողանում հավատալ դրան: Ամեն ինչ սկսեց Սումգայիթից հետո»,-ասում է 63-ամյա Սաշիկ Վարդանյանը:
Գյուղացիների միասնական տեղափոխումը կազմակերպելու համար բնակիչները փոքր հանձնախմբեր ձևավորեցին և սկսեցին այցելել Հայաստան` փոխանակման հարմար գյուղ փնտրելու: Ի սկզբանե մտադրություն կար նման գյուղ գտնել Արարատյան դաշտում, սակայն տեղի գյուղերն արդեն բնակեցված էին Բաքվի հայերով:
Սակայն Հայաստանի երրորդ ամենամեծ Վանաձոր քաղաքից ընդամենը 52 կմ հեռավորության վրա գտնվող Ղզլ Շաֆաքն ազատ էր: Այնտեղ բնակվող էթնիկ ադրբեջանցիները նույն ցանկությունն ունեին, ինչ Քերքենջում ապրող հայերը, այն է ամբողջ գյուղով միասին տեղափոխվել և ապրել խաղաղության մեջ:
Սովետական այս երկու երկրների միջև այն ժամանակ դեռևս հաղորդակցություն կար և մարդիկ կարող էին ճանապարհորդել միմյանց գյուղեր: Քերքենջի բնակիչները տասը տղամարդուց բաղկացած հանձնախումբ ուղարկեցին Ղզլ Շաֆաք: Մինչև փետրվար գյուղերը փոխանակելու բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:
Սաշիկ Վարդանյանի կինը, 58-ամյա Սոնիան հիշում է, որ հանձնախումբը Քերքենջի 250 ընտանիքներից յուրաքանչյուրին տուն առաջարկեց Հայաստանի այդ գյուղում` ընտանիքի մեծությանը համապատասխան: Այնուհետև առանձին ընտանիքներ մասնավոր պայմանավորվածություններ ունեցան միմյանց միջև և մեկնեցին Ղզլ Շաֆաք ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների համար:
Երկու կողմերի համար էլ առաջնահերթություն էր գերեզմանոցների պահպանությունը, ինչի շուրջ էլ երկու կողմերը պայմանավորվեցին, քանզի հայկականը պետք է մնար Քերքենջում, իսկ ադրբեջանականը` Ղզլ Շաֆաքում:
«Մինչ օրս մենք խնամում ենք ադրբեջանական գերեզմանոցները և բացատրում ենք մեր երեխաներին, որ նրանք ևս պետք է հոգ տանեն»,-ասում է Սաշիկ Վարդանյանը:
Ձյունաշողի (Ղզլ Շաֆագի) հայկական գերեզմանոցն այսօր գտնվում է ադրբեջանականի անմիջական հարևանությամբ:
Բնակիչների խոսքով, գյուղերի խաղաղ փոխանակումը տեղի է ունեցել 1989-ի մայիս-օգոստոս ամիսներին: Ո′չ կառավարությունը, ո′չ էլ այդ ժամանակ իշխող կումունիստական կուսակցությունը ոչ մի դերակատարություն չի ունեցել փոխանակման գործում, ոչ էլ հետաքրքրված են եղել դրանով:
Գյուղացիներն ասում են, որ մեքենաների պակասի պատճառով Քերքենջից Ձյունաշող գնալը բարդացել էր: Շատ հաճախ էթնիկ ադրբեջանցի գյուղացիները Քերքենջ էին գնում այն մեքենայով, որով Քերքենջում ապրող հայերն էին եկել:
Սոնիա Վարդանյանը հիշում է, որ քերքենջցի մի երիտասարդ տղամարդ, ով արդեն տեղափոխվել էր Հայաստան, հետ քշեց Ադրբեջան, որպեսզի իրենց Քերքենջից բերի Հայաստան.
«Եվ գիշերը ժամը երկուսին մենք լքեցինք գյուղը»,-ասում է Սոնիան:
Ժամը հատուկ էր ընտրված` ելնելով անվտանգության նկատառումներից: Հաճախ գյուղացիները նախընտրում էին Ադրբեջան գնալ ոչ թե Հայաստանի հետ վարչական սահմանը հատելով, այլ Վրաստանով` հատելով վրաց-ադրբեջանական սահմանը Ղազախի հատվածից, այնուհետև ճանապարհորդվելով իրենց գյուղ:
«Մենք ամենավերջիններից էինք, որ տեղափոխվեցինք, արդեն վիճակը շատ վատ էր, մեքենա չէինք գտնում գալու համար, իրերն արդեն ուղարկել էինք»,-ասում է Սոնիա Վարդանյանը:
Քերքենջցիները պատմում են, որ Ղզլ Շաֆաք տեղափոխվելուց հետո ուզում էին փոխել գյուղի անունը` Ադրբեջանում թողած իրենց գյուղի անվամբ: Սակայն պարզ չէ, թե այդ ամենից հետո ինչու որոշվեց գյուղն անվանել Ձյունաշող:
Գյուղացիների վերաբերմունքը տեղափոխման որոշման նկատմամբ միանշանակ չէր: Հայաստանի հյուսիսում գտնվող Ձյունաշողում եղանակն ավելի ցուրտ էր, քան Քերքենջում, և հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, ի տարբերություն Քերքենջի, որտեղ հիմնականում զբաղվում էին խաղողի այգիների մշակմամբ և գինու արտադրությամբ:
Սոնիա Վարդանյանը հիշում է, որ երբ գյուղ եկան, կարտոֆիլը, գարին, ցորենն արդեն ցանված էր:
«Որ եկանք այս գյուղ ֆերմա կար, տղամարդիկ ֆերմայում էին աշխատում, ով էլ կարող էր կով էր կթում: Ձմեռը գոմերում էին աշխատում, ամռանը սարն էին տանում», – ասում է Սոնիա Վարդանյանը:
Ներկայում գյուղում ապրող 27 ընտանիքների հիմնական ապրուստը գոյանում է կաթի վաճառքից: Այս ընտանիքներից այսօր միայն ութն են Քերքենջից:
Ժամանակը Ձյունաշողում կարծես թե կանգ է առել փոխանակման պահից ի վեր: Տների մեծ մասը քանդված են կամ լքված:
«Ավտոբուս կար, վերացավ, խանութ կար, մթերքներ կային, հաց էինք առնում, դա էլ կտրվեց: Սկսեցին սեփականաշնորհել, բաժան-բաժան անել: Բաքվից եկածներ էլ կային, քաղաքի ժողովուրդ էին, կով պահել, կաթ կթել չգիտեին: Սկսեցին մեկ-մեկ գնալ, լքել գյուղը: Բոլորը Ռուսաստան գնացին»,-ասում է Սոնիա Վարդանյանը:
Գյուղում մնալը նշանակում է դիմակայել բազմաթիվ դժվարությունների, այդ թվում հանրային տրանսպորտի, գազամատակարարման և մթերքի խանութների բացակայությանը:
Ձյունաշողն այսօր Քերքենջի նախկին բնակիչների համար հարազատ բնակավայր է դարձել, սակայն դեռ կարոտում են իրենց հայրենի գյուղը:
Լրագրողներից բացի, որոնք այցելում են երկու կողմերին էլ, Քերքենջից գյուղացիներն անմիջական նորություններ ստանալու հնարավորություն չունեն:
«Երկար տարիներ կողք կողքի ենք ապրել»,-ասում է Սոնիան` վերհիշելով իր ադրբեջանցի գործընկերներին և հարևաններին:
Նա հիշում է «իսկական հայկական հարսանիքներ», որոնք ամեն շաբաթ գյուղի հարսանեկան սրահում էին հավաքում Քերքենջի բոլոր բնակիչներին:
«Երգիչն ու դհոլչին մեր գյուղից էին, իսկ ակորդեոնիստն ու կլառնետիստը հարևան [հայկական] գյուղից: Ընկերացել էին, ամեն շաբաթ մեզ մոտ նվագում էին: Մենք էլ հարևաններով հավաքվում և քեֆ էինք անում» – նշում է Սոնիա Վարդանյանը: Իսկ Սաշիկ Վարդանյանն էլ պատմում է.
««Քերքենջ» նշանակում է քարից կոշտ, բայց այնտեղ քար չէիր գտնի, ամբողջը սևահող էր, խաղողի այգիներ: Ջուրն աղբյուրներից էինք հավաքում»:
Գյուղացիները հույս չունեն, որ մի օր նորից կտեսնեն Քերքենջը: Այս պահի դրությամբ հիշողությունները նրանց ունեցած միակ կապն է:
Ամբողջությամբ՝ chai-khana.org