«Այդ օրերին մեր հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին ոչ ոք չի կարող անհաղորդ մնալ: Այդ իրադարձություններն իրենց նշանակությունը, բնականաբար, կունենան նաև առանձին հարցերի քննարկման ընթացքում, բայց այնքանով, որքանով դրանք իրավական կարգավորումների շրջանակներում թույլ են տալիս: Այսօր էլ բազմաթիվ հարցեր են բարձրացվում ամենատարբեր քրեական գործերով, որոնք իրենց լուծումները պետք է գտնեն իրավական կարգավորումների շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ձերբակալության ու ազատ արձակման խնդրին։
Ըստ նրա՝ ազատ արձակման դեպքում իր համար ակնհայտ է դարձել, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու իր միջնորդությանը՝ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին։
Անդրադառնալով շարժման ընթացքում բռնությունների դեպքերին, մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետի եղբոր, նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի մասնակցությանը, Ա.Դավթյանը հավաստիացրեց, թե չկա այդպիսի մի տեսանյութ, որ Դատախազության մոնիտորինգով վարույթներ նախաձեռնված չլինեն։ Հարցին, թե ինչո՞ւ մի դեպքում շատ արագ բացահայտումներ են լինում, իսկ այլ դեպքերում՝ ոչ, Ա.Դավթյանը պատասխանեց, որ Դատախազությունը հսկողություն է իրականացնում նախաքննության, հետաքննության օրինականության նկատմամբ.
«Այս փուլում Դատախազության գործառույթն այն է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած դեպք արժանանա վարույթի։ Բացահայտողը, հետաքննողը նախաքննական մարմիններն են։ Նրանց տրվել է համապատասխան հանձնարարություն՝ ապահովել նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը։ Բազմաթիվ քրեական գործեր հենց Դատախազությունն է հարուցել»։
Ցուցարարներին հարվածողների մասով, ըստ գլխավոր դատախազի, նույնպես քրեական գործեր հարուցվել են։
Հարցին՝ մինչև գխավոր դատախազը հայտարարում էր քրեական գործ հարուցելու մասին, Կարեն Կարապետյանը գնացել և դուրս է բերել ձերբակալված պատգամավորներին կալանավայրից, արդյո՞ք Կ.Կարապետյանի գործունեությունն ինքնիրավչություն է, Ա.Դավթյանը պատասխանեց.
«Ոչ, իրավական առումով ձերբակալված անձինք ազատվել են ձերբակալումից քննիչի որոշման հիման վրա»։
Ա.Դավթյանի խոսքով՝ այն քրեական գործը, որի շրջանակներում նրանք ձերբակալվել են, շարունակվում է քննվել։ Հարցին, եթե պարզվի, որ Ն.Փաշինյանը խախտել է օրենքը, նա պատասխանատվության կենթարկվի՞, գլխավոր դատախազը պատասխանեց, թե օրենքի առաջ բոլորը հավասար են։
Նա հերքեց, որ իրեն հրահանգ է տրվել, և հարցադրում արեց. «Վա՞տ բան է արել Կարեն Կարապետյանը»։