«Ինձ դուր է գալիս մեր կառավարության նոր կազմը: Ուրախ եմ, որ մեր նախարարները պարզ են և մարդամոտ: Մշակույթի նախարարին անձամբ ծանոթ չեմ, բայց զգում եմ, որ ներքին բարձր կուլտուրա ունի: Վստահում եմ Նիկոլ Փաշինյանին և իր ընտրած կադրերին: Ընդ որում, այն եզակիներից եմ, որ նրան վստահել եմ շարժման հենց սկզբի օրերից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Գաբի Գալոյանը:
Նա ընդունելի չի համարում այն հանգամանքը, որ մի քաղաքական ուժ տասը տարի լինում է իշխող: Գաբին կողմ է համակարգային փոփոխություններին: Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, որ իշխանափոխության արդյունքում հնարավոր է իր մորեղբայրը՝ Վանո Սիրադեղյանը, վերադառնա, երգչուհին պատասխանեց.
«Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարևորը ժողովորդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:
Իսկ հարցին, թե որքանով է կարևորում հասարակական կարծիքի ձևավորման հարցում շոուբիզնեսցիների դերը, Գաբին պատասխանեց, որ շոու-բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ նախ և առաջ քաղաքացի է, հետո նոր՝ իր մասնագիտության տերը:
«Երբ խնդիր կա, չես կարող նստել բազմոցին և հետևողի դերում լինել: Ամեն մարդ ունի իր խիղճը: Ես իմ ընտրությունն արել եմ, և իմ կոլեգաներից մի քանիսը եղել են իմ կողքին, ինչի համար շատ հարգում եմ իրենց: Մնացածին էլ չեմ ուզում որակումներ տալ»: Մենք մի փոքր էլ խոսեցինք Գաբիի գործնական պլաններից: Նա տեղեկացրեց, որ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ: Երգչուհին, ի դեպ, նոր է վերադարձել Կանադայից, ուր մեկնել էր համերգով. «Ասեմ, որ սփյուռքահայերը շատ ոգևորված են, բոլորը մեծ սպասումներ ունեն. այն սփյուռքահայերը, որոնց հետ ես շփվել եմ, բոլորն ուզում են վերադառնալ, վստահ եղեք»,- եզրափակեց մեր զրուցակիցը: