Իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Վերջին տարիներին պարսկական կինոն մեծ թափ է հավաքել, ճանաչվել ողջ աշխարհում եւ կանգնել ամուր հիմքերի վրա: Քիարուսթամիի ֆիլմերի շնորհիվ աշխարհը տեսավ թարմ կինոհայացք: Նրա ֆիլմերի սյուժեները կարելի է հեշտ եւ արագ վերապատմել: Նրա դանդաղ ու գեղեցիկ ֆիլմերը երկխոսության են հրավիրում։
«Որտե՞ղ է ընկերոջ տունը» ֆիլմի հերոսը գյուղացի դպրոցական տղա է, ով ուզում է վերադարձնել դասընկերոջ տետրը, բայց չի հիշում նրա տան տեղը: Որոնում, մոլորվում է գիշերային ճանապարհներում: Նրա պատմությունն ազնվության ու պատասխանատվության մասին է: «Բալի գույնը» ֆիլմը պատմում է մահվան պատրաստվող երիտասարդի մասին, ով իր դիակը հողին հանձնել ցանկացող է փնտրում: Երիտասարդը մտածում է մահվան մասին, իսկ ռեժիսորը՝ կյանքի:
«Տասը» ֆիլմը նկարահանված է փաստագրական կինոյի սկզբունքով, խցիկն անշարժ է եւ ներկայացնում է ավտոմեքենայի ղեկին նստած կնոջ զրույցները որդու, քրոջ, պատահական ուղեւորուհիների հետ: Այդ սակավաբյուջե եւ մինիմալ տեսաշար ունեցող ֆիլմը գլուխգործոց է: Ուշադրություն է գրավում ոչ թե սյուժեով, այլ էմոցիոնալ խտությամբ: Քիարուսթամիին հետաքրքիր են մարդկային անորսալի հույզերը, որոնք դուրս են տրամաբանական հսկողությունից: Ամենօրյա կյանքը շարունակվում է եւ անավարտ պատմություն դառնում: Ֆիլմն ավարտվում է, մարդիկ շարունակում են ապրել: Ու զարմացնել իրենց ամբողջականությամբ ու կատարելության ձգտումով:
– Հերոսի գաղափարը կինոյից վերանում է: Որոշ հանդիսականներ իմ ֆիլմերը դիտելով կարող են հերոս հայտաբերել: Տարբեր մարդիկ տարբեր հերոսներ են գտնում: Իմ ֆիլմերի պերսոնաժները սովորական մարդիկ են, ովքեր յուրահատուկ իրավիճակներում են հայտնվում: Իրավիճակն է նրանց հերոս դարձնում:
– Համարում եք, որ բոլորս էլ հերոսնե՞ր ենք:
– Իհարկե, այդպես է, այլապես ֆիլմեր չէի նկարի: Սովորական մարդիկ իմ ֆիլմերում իրենց կյանքն են տեսնում՝ կադրի շրջանակի մեջ: Ամեն մարդ ինքն է իր կյանքի հերոսը: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Իսկական հերոսները ոչ հերոսական կյանքով ապրող մարդիկ են: Մենք մեր ֆանտազիայի ու կարճամտության պատճառով ենք հերոսներ որոնում ու էկրան հանում: Տարիների ընթացքում դադարել ենք տեսնել ու հասկանալ մեզ շրջապատող մարդկանց: Կինոն հեղեղված է բառերով ու պատկերներով: Ես հակառակն եմ անում՝ տարածություն եմ թողնում մտածելու համար։
– «Տասը» ֆիլմի ձեր հերոսուհին զգում է փոփոխությունների կարիք, բայց կարծես չի համարձակվում որեւէ բան փոխել իր կյանքում:
– Նա որեւէ բան չի փոխում իր կյանքում, քանի որ պատմվում է նրա կյանքի ընդամենը մեկ ու կես ժամվա պատմությունը: Բայց դա չի նշանակում, որ նա չի փոխվի ֆիլմի ավարտից հետո: Այդ հատվածից հետո նա կարող է կտրուկ քայլերի դիմել: Բայց կարող է եւ չդիմել: Ամեն մի հանդիսական տեսնում է այն, ինչ ուզում է: Միայն այդ կինը չէ կարեւոր, այլ այն ընդհանուր ճանապարհը, որը կբացվի դիտողի համար: Եթե հանդիսատեսը չի տեսնում ուրիշ ճանապարհ, ֆիլմի պերսոնաժները վերածվում են կեղծ կերպարների: Ամեն մարդ ինքն իր մեջ պետք է տեսնի փոփոխության հնարավորությունը:
– Մարդն ազա՞տ է իր ընտրության մեջ, ի զորո՞ւ է փոխել սեփական կյանքը:
– Իրականում մարդն անճար է եւ որեւէ բան փոխել չի կարող: Բայց եթե նույնիսկ չի կարող, լավ կլինի հավատա, որ կարող է: Ուզում եմ մեջբերել իմ սիրած էքզիստենցիալիստների խոսքերը, որոնք գուցե չափազանցված են ու նույնիսկ անմարդկային. «Եթե մարդն ի ծնե անդամալույծ է ու չի կարող հարյուր մետր վազքի մեջ առաջինը լինել, դա միայն իր մեղքով է»: Այդ բառերի մեջ չափազանցություն կա, բայց այդ միտքը մեր օգտին է աշխատում, պետք է հավատալ, որ դա ճիշտ է: Ավելի լավ է այդպես կարծել: Քո իրավիճակի հետ հաշտվելու ամենահեշտ միջոցն անընդհատ ուրիշին մեղադրելն է: Իհարկե, կյանքում տրվում են շանսեր, անկասկած գոյություն ունի բախտի գաղափարը, շրջապատի ազդեցությունը, բայց լավ կլինի հավատալ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը: «Մեղավորն ուրիշներն են» ասելով՝ մենք մեծ վնասներ ենք հասցնում մարդկությանը:
– Իսլամական ու քրիստոնեական մշակույթների միջեւ կամուրջներ կարո՞ղ են ստեղծվել:
– Կարծում են, եթե մենք չփչացնենք այն մարդկային հարաբերությունների կամուրջները, որոնք վաղուց գոյություն ունեն, նոր կամուրջներ կառուցելու կարիք չի լինի: Կապն արդեն կա: Իմ ողջ կյանքի ընթացքում ես տարիներ շարունակ շփվել եմ հայ ընկերների հետ, առանց մտածելու, որ պետք է որեւէ հատուկ կամուրջ ստեղծեմ: Շփվելու համար հատուկ քայլեր անել պետք չէ: Կոտրված կամուրջի գաղափարը քաղաքական դեմքերն են առաջ բերում ու շահարկում: Նրանց ձեռնտու է կարծել, որ քրիստոնյաներն ու մահմեդականները հակառակ բանակներում են: Մարդիկ հաշտությունից ու միացումից են օգուտ քաղում, իսկ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ընդհակառակը, ուզում են խզել այդ կապը:
– Ավանդույթները չե՞ն խանգարում:
– Ոչ, մարդիկ առանց մեծ ջանքերի են հաղթահարում այդ դժվարությունները: Եթե մարդիկ ընդունեն, որ որոշում կայացնելիս պետք չէ իրենցից ավելի տարեց ու ավանդապաշտ խնամակալներից խորհուրդ հարցնել, շփումը կստացվի: Պետք է, պետք չէ՝ ամեն մարդ ինքն է որոշում: Խնամակալների իշխանությունը եթե չլինի, մարդիկ չեն վախենա ու ավելի հեշտ կանեն իրենց ընտրությունը: Բակում կամ աստիճանների վրա խաղացող տարբեր հարեւանների երեխաները ոչ ազգային, ոչ կրոնական տարբերություն չեն տեսնում: Ծնողներն են հետո բացատրում նրանց այդ հասկացողությունների իմաստն ու տարբերությունները:
-1997թ. ձեր «Բալի գույնը» ֆիլմը հաղթեց Կաննի փառատոնում ու հայտնի դարձրեց պարսկական կինոն: Որեւէ հայկական ֆիլմ՝ մրցանակ ստանալով, կարո՞ղ է զարգացնել հայկական կինոարտադրությունը:
– Փարաջանովը, օրինակ, երբեք չի ցանկացել համաշխարհային կինոդեմք դառնալ: Նա պարզապես ֆիլմեր է նկարել՝ հավատարիմ լինելով ինքն իրեն: Եվ համաշխարհային փառքի է հասել՝ առանց որեւէ մրցանակ շահելու: Մրցանակը կարող է օգնել, բայց դա որոշիչ նշանակություն չի կարող ունենալ: Ամեն մարդ պետք է ձգտի ուժեղ լինել: Եթե ուժեղ լինի, լավ ֆիլմեր կնկարահանի: Եվ մարդիկ, բնականաբար, կհետաքրքրվեն լավ ֆիլմերով: Կարեւորը յուրահատուկ լինելն է, եթե ընդօրինակես ուրիշներին, հաջողություն չես ունենա ու օրիգինալ չես համարվի: Եթե քաղաքական դեմքերը չմիջամտեն ու խորհուրդներ չտան, կարող է ստեղծվել դրսի համար հետաքրքիր հայկական ֆիլմ:
– Դուք քաղաքական ճնշում զգացե՞լ եք:
– Իմ ֆիլմերն այնպիսին են, որ քաղաքական ճնշումների չեն ենթարկվում: Իրանում, իհարկե, խիստ գրախոսություն կա, բայց ես քաղաքական ֆիլմ սարքող ռեժիսոր չեմ: Շատերն ինձ սխալ հասկանալու պատճառով են մեղադրել, բայց ես քաղաքական նպատակներ չեմ հետապնդում իմ ֆիլմերում: Դեմ եմ գաղափարախոսությանը, քանի որ համարում եմ, որ ոչ ոք մարդկությանը փրկելու դեղատոմս չի ստեղծել: Դեղատոմսերը գրում են մարգարեներն ու քաղաքական դեմքերը: Եվ միայն իրենք գիտեն՝ ինչպե՞ս փրկել աշխարհը: Արվեստագետները փրկիչներ չեն, նրանք միայն բարձրաձայն ասում են իրենց մտքերը:
– Իսկ այդ մտքերն օգնո՞ւմ են մեզ փրկվել մեկուսացումից:
– Եթե փորձեմ իրատես լինել, պիտի ասեմ՝ այո, բայց բավական թանկ գնով:
Հ. Գ. Քիարուսթամին Երեւանում ներկայացրեց իր լուսանկարների հավաքածուն, որն էլ փառատոնի ավարտից հետո նվիրեց Փարաջանովի թանգարանին: Դա մեծ ու շատ գեղեցիկ նվեր է մեր քաղաքին: «Լուսանկարը պարզ ու անշարժ ռեժիսուրա է: Երբ նայում եմ բնությանը, տեսնում եմ շրջանակի մեջ տեղադրված բնապատկերներ: Կադրի որոնումն անդադար աշխատանք է»,- ասում է նա: Ինչպես ասաց Քիարուսթամին՝ ինքը բավական ժլատ է եւ հազվադեպ է նվերներ անում, սակայն որոշեց այդ նվերն անել՝ ի շնորհակալություն Երեւանին: Իսկ քաղաքն էլ, իր հերթին, նրան պարգեւատրեց հուշամեդալով:
Նունե Հախվերդյան
«168.am»