Կազակները համտեսել են հայկական թանապուրը և նոր անուն են հորինել այդ ուտեստի համար։ Լեգենդը պատմում է, որ այդ ապուրը կազակներին փրկել է ցրտից, ու հենց այդտեղից է առաջացել ապուրի անվանումը` «սպաս» («спас»- ռուս. «փրկեց»)։
Հոդվածի հեղինակը` Ելենա Կնյազևան, գրում է` մի անգամ ռուս կազակները մտել են Կարսի մարզի հայկական տներից մեկը։ XIX դարն էր, երբ ռուս-թուրքական պատերազմներից հետո կազակական գնդերը մշտապես տեղակայվում էին Անդրկովկասում։
Կազակները մրսած ու սոված էին, իսկ լեռներում երեսուն աստիճան սառնամանիք էր։
«Ըստ հյուրընկալության անխախտ օրենքի` տանտերն անսպասելի հյուրերին պետք է մի ափսե տաք ապուր հյուրասիրեր, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են ապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցիր («спас») մեզ, եղբայր, պարզապես փրկեցիր»: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ», — նշում է հոդվածի հեղինակը։
Ըստ ավանդույթի` ապուրը եփում էին թոնրում։ Այդ տարիներին դա հայկական ընտանիքների համար ամենասովորական վառարանն էր։ Գյուղացիները թոնրում թխում էին նաև հայտնի հայկական լավաշը, որը մատուցում են սպասի հետ։
Սպասի թեմայի շուրջ «հարցաքննվել» է նաև Gayane’s ռեստորանի ու «Панаехали» սրճարանի շեֆ-խոհարար Գայանե Բրեիովան։
«Հայաստանում առնվազն շաբաթը մեկ թանապուր են ուտում։ Դա ամենատարածված ու ամենաօգտակար տնային ապուրներից է։ Նայած տարվա եղանակի ապուրը տարբեր ձևով են մատուցում. ձմռանը` տաք, ամռանը` սառը», — ասել է հայուհին «Վոկրուգ սվետա» պարբերականին։
Գայանեն նշել է, որ թանապուրը տարբերվում է հայկական մյուս բոլոր ապուրներից։