Բաց նամակ երիտասարդներին, ուսանողներիս
Անցավ մեկ ամիս… Բոլորս զգում ենք Թավշյա Հեղափոխության շունչը Հանրապետության կյանքում։ Անհամբեր ենք… Ցանկանում ենք շատ արագ տեսնել վերջին շուրջ 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծումները։ Խորհուրդներ ենք տալիս երիտասարդ Կառավարությանը, թե ինչպե՛ս վարվի այս կամ այն, ասեմ, ոչ այնքան էլ պարզ, իրավիճակներում։
Պահանջում ենք, որ բոլոր թալանչիները պատժվեն, արդարությունը հաղթանակի, ունենանք արդար ընտրություններ… Գլուխս պտտվեց…
Սակայն խոսքս այլ բանի մասին է։
Հեղափոխության շարժիչ ուժն, անկասկած, դուք եք, սիրելի երիտասարդներ և մասնավորապես, իմ ուսանողներ։ Այն դժվար օրերին դուք ամեն ինչ մի կողմ դրած՝ ապստամբեցիք մեր Ազատ և Երջանիկ Ապագայի համար։ Այժմ մենք ապրում ենք Հեղափոխության գաղափարներով և Հեղափոխական օրենքներով։
Անցնեմ հարցիս։ Խնդրում եմ մի քանի րոպե նայել հայելուն, լինել ծայրաստիճան անկեղծ և ազնիվ՝ գոնե ինքներդ ձեզ հետ։
Դուք այս ամսվա ընթացքում Հեղափոխության օրենքով ենթարկե՞լ եք արդյոք մահապատժի, կամ գոնե դատապարտե՞լ եք ձեր ներսում ննջող.
– տգետին,
– վախկոտին,
– ալարկոտին,
– քծնողին,
– բամբասողին,
– ստախոսին,
– անտարբերին,
– համաձայնվողականին (կոնֆորմիստին),
– էգոիստին,
– ագահին,
– թալանչուն,
– դատարկաբանին,
– գողին (ձեր դեպքում՝ նաև գրագողին),
– …
Ցուցակն ինքներդ շարունակեք… հասնելով ընդուպ, կներեք, «մարդասպան»ին։
Եթե նման «հաշվեհարդար» դեռ չեք կատարել, ապա Հեղափոխությունը ձերը չէ: Այն կմնա ձեր կյանքում ընդամենը որպես մեկ, գուցե և երջանիկ դրվագ…
Խոսքերս կարող են դաժան թվալ, սակայն հիմնված են որոշակի դիտարկումներիս վրա:
Հեղափոխությունը ծանր աշխատանք է: Կաթիլ-կաթիլ… Ամեն օր… Անընդհատ…
Ի դեպ, հարցս կցանկանայի ուղղել ոչ միայն երիտասարդներին: