«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը հունիսի 15-ին բացվել է և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր է մեկնել 107 ուղևոր:
Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանը: Ֆիրմային գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից:
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի կուպե և «СВ» վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: