Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ինձ ավելի շատ հուզում է այն տոնը, որով երկրի ղեկավարը խոսում է մեդիայի հետ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ինձ ավելի շատ հուզում է այն տոնը, որով երկրի ղեկավարը խոսում է մեդիայի հետ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են անում։ Դա, ըստ վարչապետի, հետևանքն է այն բանի, որ «իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ»։ Իր ոճով սպառնալից այդ գրառման վերջում Փաշինյանը հորդորում է. «Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

Վարչապետը չի գրել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններն են «հակապետական քարոզչություն» անում։ Բայց նույն Facebook սոցիալական ցանցում իրեն շատ ակտիվ աջակցող կողմնակիցները խոսում են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների մասին։ Առաջինին՝ բարեգործությունների մասին օրենքի խիստ քննադատության, երկրորդին՝ Գեղամ Մանուկյանի ահա այս հրաշալի (նաև ցավով լի) կիրակնորյա վերլուծականի համար։

Երկրի շաբաթը, 17.06.2018

Գիշերը նայել եմ երկու հեռոուստաընկերությունների լրատվական թողարկումները։ Ամեն մեկն իր ոճի մեջ աշխատել են։ Քննադատությո՞ւն, այո՛ եղել է։ Սուր քննադատություն էլ է շատ եղել։ Հետո՞։ Դավաճա՞ն են։ Իրենց գործն են անում, ճիշտ են անում։ Ի դեպ, նույնը այս հեռուստաընկերությունների կողքը կանգնած քաղաքական ուժերի դեմ անում է նաև նիկոլական քարոզչությունը։ Գ. Ծառուկյանի որդուն տարկետման իրավունք տալու Կառավարության որոշման նախագծի շուրջ բարձրացված աղմուկը վկա։

Բայց սա չէ կարևորը։ Ինձ ավելի շատ հուզում է այն տոնը, որով երկրի ղեկավարը խոսում է մեդիայի հետ։ Վաղուց նման բան չէր եղել Հայաստանում։ Գիտեմ, իմ գրառումների տակ ինձ հակադրվող օգտատերերը հիմա պետք է գրեն, թե «բա Սերժի ժամանակ սենց, Սերժի ժամանակ նենց…», բայց հակառակում ինձ չեն համոզի։ Որովհետև Սերժի ժամանակ մեկ տարի եղել եմ «Արարատ» ՀԸ լուրերի տնօրենը և այդ մեկ տարվա ընթացքում երբեք ոչ ոք չի փորձել ո՛չ հրահանգի, ո՛չ էլ սպառնա։ Անգամ հեղաշրջման օրերին «Արարատ» ՀԸ աշխատել է առանց որևէ մեկի հորդորների, առավել ևս՝ ուղղորդման։

Իսկ այն փաստը, որ իր Կառավարության դեմ ուղղված քննադատությունը վարչապետ Փաշինյանը «հակապետական քարոզչություն» է համարում, կարծում եմ, շատերին պետք է անհանգստացնի։ Եթե ոչ՝ գոնե մտածելու առիթ տա»,- իր էջում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։



Նման նյութեր