Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը. «Մանվել Գրիգորյանը գնաց, ռազմապետությունը մնաց։ Մյուսներն էլ կգնան, ռազմապետությունը կմնա։
Երեխաները նորից նամակներ կգրեն (ոչ անպայման կաթի կամ մսի պահածոների արկղերի վրա), կգրեն, ասենք՝ ասեղնագործելով գուլպաներին, զինվորները կստանան դրանք, հրամանատարները՝ «հագնե՛լ» հրամանից առաջ, բարձրաձայն կարդալ կտան, մեկը հուզմունքից կհեկեկա և հեկեկացողն անպայման եզակի մեկի մայրը չի լինի։ Ռազմապետությունը չի վերանա։
Բաքուն կգրավվի վերջում, երբ երեխաներն արդեն մեծացած կլինեն՝ չլինելու աստիճան մեծացած։ Ուրիշ երեխաներ նամակներ կգրեն։ Դրանք արդեն այնքան էլ նաիվ չեն լինի, կլինեն պակաս սենտիմենտալ, հիմնականում՝ ծրագրային։ Ռազմապետությունը կմնա։
Հին ու նոր բոլոր նամակները կհրատարակվեն գրքով։ Շապիկի վրա կլինի Մանվելի արջերից մեկի պրոֆիլը՝ չկայացած զինանշան՝ փափուկ խաղալիքի ակնարկով։ Գիրքը բեսթսելլեր կդառնա։
Ռազմապետությունը կմնա ու կմնա»։