Կառավարության գործունեության ամեն մի քննադատություն անմիջապես արժանանում է Նիկոլ Փաշինյանի «արագ արձագանքման ֆեյսբուքյան ուժերի» հարձակմանը: Անգամ «հեղափոխության» մասին քաղցր-մեղցր ածականներով համեմված քննադատողներին վայրկենաբար հոշոտում են կիբեռպիրանիաները՝ ընտրություն չկատարելով իրենց արտահայտությունների մեջ։ «Թողեք աշխատեն» հերթապահ լոզունգն այդ շարքում ամենաանմեղն է դառնում: Թողնելը թողնենք, բայց հարցի երկրորդ կողմն էլ է կարեւոր, իսկ մեր թողնելուց հետո աշխատո՞ւմ են: Նորանշանակ նախարարներն ու նորելուկ մյուս պաշտոնյաները իշխանության անցնելուց հետո պարբերաբար երեւում են ծննդյան տոներ նշելիս, այս կամ այն փաբում «հանգստանալիս» կամ ֆեյբուքյան էջերում սիրո խոստովանություններ անելիս:
Այդ յուրահատուկ «աշխատանքային» մթնոլորտը օրերս լրացավ ժամանցային նոր ձեւերով: Սփյուռքի երիտասարդ եւ նախաձեռնող (ասում են, որ նա է «Քայլ արա»-ի նախաձեռնողը) նախարար Մխիթար Հայրապետյանը հրապարակել էր մի լուսանկար նախարարական բլոտի առաջնությունից՝ բնապահպանության, արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Այդ լուսանկարից ժպտացող դեմքերով նախարարներին նայելիս առաջին տպավորությունն այն է, որ նրանք խաղաղ եւ անհոգ ապրող Իսլանդիայի կամ Նոր Զելանդիայի, այլ ոչ թե Հայաստանի կառավարության անդամներն են: Դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե լուսանկարում լինեին նախորդ կառավարության անդամները՝ հայհոյանքների եւ վիրավորանքների ինչ տարափ կտեղար նրանց վրա, ամեն անգամ լրագրողների աչքին երեւալուց քանի անգամ կհեգնեին «դուք բլոտ դեռ խաղո՞ւմ եք» հարցով: Իսկ հիմա … թողել ենք, որ աշխատեն եւ մարդիկ «աշխատում են»:
Այո, արտակարգ իրավիճակների նախարարությունը չկարողացավ գտնել կորած 14-ամյա տղային, բնապահպանության նախարարը չի կարողանում կողմնորոշվել Ամուլսարի հանքավայրի նախագիծը ի՞նչ անի, իսկ ցույցերն ու ճանապարհներ փակելն այնտեղ շարունակվում են, սփյուռքի նախարարը կարծես ամենեւին էլ չի պատրաստվում դիմավորել իր կասեցրած «Տուն արի», ապա այլ անվանումով՝ «Քայլ արա տուն» ռեբրենդինգ արած ծրագրով սփյուռքահայ երեխաներին եւ պատանիներին:
Սահակ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում