Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 94 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստիեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև հոգեբանական կենտրոնի հոգեբանը: Դեպքի վայրում աշխատել են նաև ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է տեղի ունեցել BMW մակնիշի 67 NN 600 ավտոմեքենայում, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կարեն Սարգսյանը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ: Նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղից մեզ հայտնել են, որ նա ստացել է 2-րդ կարգի այրվածքներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայր պետք է ժամանի նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ Կ. Սարգսյանը մեքենան շարժի է դրել, միացրել է օդորակիչը և մտել է տուն: Կարճ ժամանակ անց դուրս է եկել տանից, նստել մեքենան, միացրել ծխախոտը ու տեղի է ունեցել պայթյունը: Սակայն այս տեղեկությունը դեռ վերջնական չէ և այն պարզելու համար են նաև նշանակվել փորձաքննություններ: Հարևանները ասում էին, որ Կ. Սարգսյանը թե՛ թաղում, թե՛ ընկերական շրջապատում դրական համբավ ունի, խաթրաշահ է, մեծին հարգող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: