Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Գոռ Սևոյանի և Ռաֆայել Քոթանջյանի գործի դատական քննությունը:
24-ամյա Գոռ Սևոյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:
28-ամյա Ռաֆայել Քոթանջյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Գոռ Սևոյանը Անատոլի Մ.-ին չբարևելու կապակցությամբ իր ծանոթ Գագիկ Մ.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 21-ն անց 27 րոպեին զանգել է Գագիկին ու պայմանավորվել է հանդիպել Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում:
Ժամը 22-ի սահմաններում պայմանավորված վայրում Գագիկ Մ.-ին ու նրա հետ ժամադրության ներկայացած «Ժեշտ» մականունով Սերգեյ Ղ.-ին են մոտեցել Գոռ Սևոյանն ու Ռաֆայել Քոթանջյանը, ևս մի քանի երիտասարդներ:
Գոռը, ըստ մեղադրական եզրակացության գեղարվեստական ձևակերպման՝ «սանձարձակ ոճով փորձել է պարզել Գագիկի կողմից Անատոլիին չբարևելու պատճառը»:
Գագիկի պատասխանը Գոռը «ցավագին է ընդունել… երկու ձեռքերով հրել է Գագիկին… Ներկաներից՝ Ռաֆայելը բռունցքով հարվածել է Գագիկի դեմքին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով. քթոսկրերի՝ տեղաշարժով կոտրվածք, քթի մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդ:
«Ստեղծված իրավիճակը հարթելու, Գագիկ Մ.-ին հեռացնելու նպատակով միջամտել է Սերգեյ Ղ.-ն, բայց Ռաֆայելը ոտքի հարվածով նրան վայր է գցել»:
Ըստ մեղադրանքի՝ Գոռ Սևոյանը շարունակել է հարձակումը Գագիկ Մ.-ի նկատմամբ, վերջինիս սպանելու դիտավորությամբ, սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ տալով՝ նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է Գագիկ Մ.-ի կրծքավանդակի ձախ կեսի կողմնահետին մակերեսին՝ պատճառելով չթափանցող թեթև վնասվածք, ապա հարվածել է նրա ձախ գոտկային շրջանի կողմնային մակերեսին՝ պատճառելով թափանցող վերք՝ հաստ աղու միջընդերքի վնասումով՝ Գագիկ Մ.-ի առողջությանը հասցնելով ծանր վնաս:
Ամբողջությամբ՝ 1in.am