1/8 եզրափակչի խաղերը նոր են հատել հասարակածը, սակայն ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն լքել են Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Ֆուտբոլում կան չգրված օրենքներ, ավանդույթներ, որոնց ուժը փաստորեն շատ ավելի ուժեղ է, քան` ընթացիկ մարզական ցուցանիշները: Օրինակ` Իսպանիայի հավաքականը մունդիալներում երբեք հաղթանակ չի տարել հյուրընկալող երկրի ընտրանու հանդեպ:
Թվում էր` Իսպանիա-Ռուսաստան հանդիպմանն այդ տխուր օրինաչափությունը չի գործելու, մանավանդ` ֆուտբոլային մասնագետների կարծիքով Ռուսաստանի հավաքականը փլեյ-օֆֆում հայտնվել է երջանիկ հանգամանքների բերումով: Մի խոսքով` Իսպանիայի հավաքականին բաժին էր հասել ամենաթույլ մրցակիցը:
Խաղի մեկնարկը հուսադրող էր. 12-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը դարձավ ավտոգոլի հեղինակ` առաջ մղելով իսպանացիներին: Թվում էր` վերջիններս կզարգացնեն հաջողությունը, սակայն 41-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Դզյուբան անվրեպ իրացրեց 11մ-ը:
Իսպանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում և լրացուցիչ 30 րոպեներին ուներ առավելություն, սակայն պակասում էր գրագետ ֆուտբոլը, նպատակային ճնշումը Ռուսաստանի հավաքականի դարպասին, ինչի հետևանքով բանը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին: Հենց սա էլ ճակատագրական դարձավ Իսպանիայի հավաքականի համար` գրանցելով ընթացիկ առաջնության ամենամեծ անակնկալը: Հանդիպման հերոսը դարձավ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակենֆեևը, որը հետ մղեց իսպանացիների երկու 11 մետրանոցները` իր թիմակիցներրի չորս դիպուկ հարվածների դիմաց:
Ֆուտբոլային աշխարհը շոկի մեջ է. Իսպանիան լքում է առաջնությունը, քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճում Ռուսաստանի հավաքականը, որի մուտքը անգամ փլեյ-օֆֆ համարվում էր մեծ անակնկալ:
Ուշագրավ է, որ Խորվաթիա-Դանիա հանդիպման ելքը նույնպես որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով: Այստեղ անակնկալ չգրանցվեց. ավելի դիպուկ էին Խորվաթիայի ֆուտբոլիստները, որոնք համարվում էին այս խաղի ֆավորիտները:
Ի դեպ, պատասխանատու խաղից առաջ Իսպանական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի հարձակվող Իվան Ռակիտիչը հարցազրույցում նշել էր, որ իրենք ցանկանում են կրկնել 1998թ աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հավաքականի ցույց տված արդյուքը, որն զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը: «1998թ հանդես էին գալիս իսկական լեգենդներ ու կուռքեր: Նրանք դա ապացուցեցին իրենց խաղով: Հիմա մենք պետք է մոռանանք նրանց՝ անկախ հարգանքից ու հիացմունքից, և գնանք մեր ճանապարհով», – ասել է անվանի ֆուտբոլիստը:
Ռակիտիչի ցանկությունն իրականություն կդառնա, եթե Խորվաթիայի հավաքականը քառորդ եզրափակիչում հաղթի Ռուսաստանի ընտրանուն: Միանգամայն լուծելի խնդիր է: