Տարոն Մարգարյան, պատասխանե՛ք
Advertisement 1000 x 90

Տարոն Մարգարյան, պատասխանե՛ք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին,

պատճենը` Երևանի ավագանու

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին

Հարգելի՛ պարոն Մարգարյան

Լուսանկարներում պատկերված ծառերի «էտը» կատարվել է ուրբաթ` հոկտեմբերի 21-ին, Մատենադարանին հարող Մաշտոցի 51 շենքի բակում:

14560144_10154078218706482_6217799922437316725_o

14633525_10154078218751482_2189182101462570942_o

Ազգականներիս տուն այցելեցի կեսօրին. առանց լուրջ խոչընդոտների անցա արդեն կտրված հաստաբուն ծառի` խնամքով շերտատված մնացորդների կողքով և դալանով դեպի ձախ թեքվելով` մեքենաս կայանեցի շենքի հետնաբակում: Արդեն ժ. 14-ին, երբ ազգականներիս հետ միասին (մեքենայի մեջ էր գտնվում նաև մեկ տարեկան երեխան) փորձեցի դուրս գալ Մաշտոցի պողոտա, դեպի փողոց տանող միակ նեղ ճանապարհն արդեն պաշարված էր բեռնատար ավտոմեքենայով:

Ամբարձիչի վրա քաղաքապետարանի արտահագուստով մի քանի հոգի մոտ 20 մետր բարձրության վրա ծառի ճյուղերն էին կտրատում: Բեռանատարը զբաղեցրել էր ճանապարհի մեծ մասը, մնացած մասը գրավել էր մարդատար ատոմեքենան (նկարում պարզ երևում է):

Աշխատանքը եռում էր, ճյուղերն իրար հետևից թափվում-կուտակվում էին բակ տանող ճանապարհի վրա, մեքենայի ուղին փակ էր:

Մոտեցա բեռնատարի վրա աշխատող մարդկանցից մեկին, հարցրեցի` որքան կտևի գործը և ինչու ելումուտի համար տեղ չեն թողել: Խնդրեցի մի կողմ քաշել բեռնատարը և ստեղծված ծուղակից մեզ համար ելք ապահովել:

Թաղաքապետարանի աշխատակիցը խուսափեց խոսելուց: Նրա փոխարեն պատասխանից բակիչներից մի կին` ասելով` «վարիանտ չկա, դա ժամանակ կխլի, իսկ ես ժամի համար վճարել եմ»: Խորհուրդ տվեց սպասել կամ մեքենան թողնել ու փողոցի ներքևի ազատ մասից տաքսի նստել: Այս ընթացքում բանվորները շարունակում էին աշխատել` չմիջամտելով մեր խոսակցությանը: Շուրջ 15 րոպե փորձում էի բացատրել, որ մենք` քաղաքացիներս, ունենք ազատ տեղաշարժի իրավունք, իսկ քաղաքապետարանի բեռնատարը փակուղի է ստեղծել և որևէ ելք չի առաջարկում, բայց միակ արձագանքողը որպես վճարող ներկայացող տիկինն էր իր ագրեսիվ պահվածքով ու անտրամաբանական փաստարկներով: Այդ ընթացքում դալանից ևս մեկ ավտոմեքենա դուրս եկավ, ու մեր մեքենայի հետևում հերթ առաջացավ:

Ասացի, որ բանվորները ներկայացնեն գործը ղեկավարող անձին և մոտեցա հեռվում` Մատենադարան տանող աստիճանների մոտ կանգնած ու միջադեպին լուռ հետևող, զինվորական համազգեստով անձին: Վերջինս նույնպես հրաժարվեց բացատրություն տալուց, իսկ երբ պահանջեցի մոտենալ բեռնատարին ու լուծումներ առաջարկել, «գործատեր» տիկնոջ ուղղությամբ շանտաժի բնույթի մի նախադասություն նետեց` «մեքենան որ հանեմ, էլ հետ չեմ բերի»:

Պատմությունն ավարտվեց նրանով, որ պարզաբանումների` մոտ 20 րոպե տևած անիմաստ փորձերից հետո մենք սկսեցինք լուսանկարել իրավիճակը` քաղաքապետարան դիմելու նպատակով. նույն պահին ամբարձիչն անմիջապես իջեցվեց (լուսանկարում հենց այդ պահն է), բանվորները շատ արագ մյուս բեռնատարի մեջ տեղավորեցին գետնին թափած ճյուղերի կույտը, օպերատիվ կերպով հետ քաշեցին ամբարձիչով բեռնատարը և բացեցին բակի` դեպի Մաշտոցի պողոտա տանող ելքը:

Պարո՛ն քաղաքապետ, խնդրում եմ` պատասխանեք հետևյալ հարցերին.
• արդյո՞ք քաղաքի հարստությունը կազմող բազմամյա ծառը հատելու ենթակա է եղել,
• ինչու՞ է էտն ընթացել` խախտելով բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը,
• եթե շենքի բնակիչներից որևէ մեկն առողջական խնդիր ունենար, և հարկ լիներ շտապ օգնության մեքենա կանչել, դարձյա՞լ քաղաքապետարանի աշխատակիցը դիտորդի կեցածք պիտի ընդուներ ու սպասեր, որ ոչ պաշտոնական անձը գլխացավանքից ազատի ու բարենպաստ ելք ապահովի իր համար,
• արդյոք շենքի բնակիչներն իրավունք ունե՞ն վճարելու և իրենց մակարդակի ու ճաշակի համապատասխան ղեկավարելու էտի պրոցեսը:

Մեր կրած բարոյական կորուստների, ժամանակն անիմաստ ու նյարդային վեճի մեջ սպառելու, մեկամյա երեխա ունեցող ընտանիքի հարկադիր սպասման ու պարտադրված լարվածության մասին հարցերի պատասխան նույնիսկ չեմ ակնկալում` համարելով դրանք վերը նկարագրածս իրավիճակի ընդհանուր կոպտությանն անհամարժեք նուրբ թեմաներ:

Արմինե Պետրոսյան