Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, ինչի մասին նա տեղեկացրել է երևանցիներին հղված ուղերձում: Ներկայացնում ենք քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման կարգը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ: