Ժամանակ առաջ, մի առիթով զեկույց էի նախապատրաստում ԽՍՀՄ-ում ծավալված դիմադրական շարժումների մասին։ Զեկույցը ներկայացնելու առիթն այդպես էլ չկայացավ, բայց նյութն արդեն պատրաստ էր ու պետք է հրապարակվի։ Թեման հետաքրքիր է ու կարևոր։ Խորհրդային շրջանի պատմությունը մարդիկ չգիտեն։ Այդ պատմությունը մեր երեկվա օրն է, բայց մեզ շատ ավելի անհայտ է, քան միջնադարը և շատ ավելի քիչ է ուսումնասիրված, քան նույն այդ միջնադարը։
Այն պատմությունը, որ ներկայացվում էր խորհրդային տարիներին և այսօր էլ մնացել է մարդկանց հիշողության մեջ, որպես ԽՍՀՄ պատմություն իրականում պատմություն չէր։ Դա ավելի շուտ հորինվածք էր, առասպել։ Դպրոցական կամ բուհական դասագրքերում, հաստափոր պատմական ուսումնասիրություններում ներկայացվում էր բոլորովին էլ ոչ այն, ինչ եղել է, կար ու կա իրականում։ Պատմական դեպքերը մեկնաբանվում էին յուրովի՝ կոմունիստական գաղափարախոսության ու դասակարգային պայքարի տեսանկյունից։ Դա չէր էլ թաքցվում ու պաշտոնապես կոչվում էր պատմության լուսաբանում մարքս-լենինյան ուսմունքի լույսի ներքո։ Արդյունքում աղավաղվում էին դեպքերն ու դեմքերը։ Պատմությունից բացի, դասակարգային պայքարի տեսանկյունից և մարքս-լենինյան ուսմունքին համահունչ էին ուսումնասիրվում նաև գիտության այլ ճյուղեր։ Գիտությանն ընդհանրապես և հատկապես պատմությանը ցուցաբերված այս կամայական մոտեցումը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ լվանալ մարդկանց ուղեղները, կերտել չմտածող ու չքննարկող, դոգմաներով առաջնորդվող ու դոգմաներով ապրող մարդկանց հասարակարգ։
Հակահերոսները ներկայացվում էին որպես հերոսներ, պարտությունները՝ որպես ձեռքբերումներ, եղած ձեռքբերումներն էլ շաղախված էին լինում մարդկային արյամբ։ Ընդհանրապես մարդկային կյանքը խորհրդային իշխանության և նրանց գաղափարախոսության տեսանկյունից որևէ արժեք չէր ներկայացնում։ Հանուն աներևույթ ու վերացական համընդհանուր երջանկության, հանուն հեքիաթային լուսավոր ապագայի, որ նրանք կոմունիզմ էին կոչում, ոչինչ չասող ու դատարկ կարգախոսների հնչյունների ներքո, առանց ափսոսանքի զգացումի, զոհաբերվում էին միլիոնավոր կյանքեր։ Այն, ինչին կարելի էր հասնել վաղը փոքրիկ զոհողությունների գնով կամ առանց զոհերի՝ խորհրդային երկիրն իրագործում էր այսօր ու մեծ զոհողություններուվ։
Այս երկիրն սկսեց իր պատմությունը «կարմիր տեռորով», որ պաշտոնապես հայտարարվեց 1918 թվականին ու այդպես էլ՝ մինչև իր անփառունակ վախճանը, շարունակվեց։ Սեփական քաղաքացիների նկատմամբ կիրառվող համատարած բռնություններով ու հալածանքներով խորհրդային երկիրը կարելի է դասել մարդկության պատմության մեջ եղած ամենադաժան ու ամենամարդատյաց երկրների շարքին։
Բնական է, որ կիրառվող համատարած բռնությունները չէին կարող դիմադրության չհանդիպել։ Խորհրդային երկրի գոյության ողջ ընթացքում դրա դեմ ուղղված ուժեղ կամ թույլ դիմադրություն միշտ էլ եղել է, ու այս հրապարակումն այդ դիմադրությունների մասին է։
Խորհրդային երկրի կազմում եղել են հանրապետություններ, որտեղ խորհրդային իշխանությունների դեմ սկիզբ առած դիմադրությունները չեն դադարել, եղել են անընդհատ ու ժամանակի ընթացքում ձևափոխվելով վերաճել են այլախոհական շարժման։ Եղել են նաև հանրապետություններ, որտեղ այդ դիմադրությունները ժամանակին ճնշվելուց հետո ավարտվել են ու որևէ կերպ այլևս չեն դրսևորվել։
Օրինակ, Միջին Ասիայում, որը դեռ բաժանված չէր հանրապետությունների և Թուրքեստան անվամբ մեկ ընդհանուր տարածքային միավոր էր (ազգային հանրապետությունների բաժանումը տեղի ունեցավ 1924-1925թթ․), 1917թ․հեղափոխությունից անմիջապես հետո սկիզբ առավ զինված բասմաչական հզոր դիմադրական շարժում, որի վերջին բեկորների հետ խորհրդային ուժերը մինչև 1930-ականների վերջը մարտական գործողություններ են վարել։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ բասմաչական շարժումն իր հիմքում ուներ ե՛ւ ամուր կրոնական, ե՛ւ քաղաքական բաղադրիչներ, իր վերջնական պարտությունից հետո ասպարեզից հեռացավ և խորհրդային իշխանությունների դեմ պայքարի այլ դրսևորման չվերաճեց։
Ադրբեջանում նույնպես մուսաֆաթականների պարտությունից և կոլեկտիվացման շրջանում եղած դիմադրությունից հետո քաղաքական պայքարի այլ դրսևորումներ չեն գրանցվել գործող իշխանության դեմ։
Առաջին հայացքից է թվում, թե Խորհրդային միության պետական հզոր ռեպրեսիվ մեքենան բողոքի, հուզումների ու ապստամբությունների բոլոր ճանապարհները փակել էր։ Իրականում ԽՍՀՄ ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ գրանցվել են թույլ ու հզոր հուզումներ, որոշ դեպքերում անգամ ապստամբություն հիշեցնող դրսևորումներ են եղել։ Բողոքի այս դրսևորումների պատճառները շատ դեպքերում կենցաղային էին և չեն ունեցել քաղաքական գունավորում։ Հաճախադեպ էին կալանավայրային ապստամբությունները, որոնք ծագում էին անմարդկային պահման պայմանների պատճառով։ Էլ ավելի հաճախ բռնկվել են բողոքի զանգվածային դրսևորումներ ու քաղաքացիական հուզումներ ոստիկանության կիրառած բռնությունների պատճառով։ Բողոքի ակցիաները ճնշելու նպատակով իշխանությունները բանակային կամ ոստիկանական ուժեր են օգտագործել, ինչի հետևանքով եղել են զոհեր, վիրավորներ, ինչպես նաև հազարավոր մարդիկ են հուզումները կազմակերպելու կամ դրանց մասնակցելու մեղադրանքով երկարատև ազատազրկման դատապարտվել։ Այս կարգի հուզումների ու բողոքի դրսևորումների ուսումնասիրությունն անչափ հետաքրքիր է, բայց այս հրապարակման մեջ անդրադարձ է արվել միայն դիմադրության այն դրսևորումներին, որոնք ունեցել են քաղաքական հստակ գունավորում։ Անդրադարձը կատարվել է ըստ հանարպետությունների։
Այս հրապարակումը թեմայի խորը և համակողմանի վերլուծություն չէ, ավելի շատ՝ թեման հրապարակ հանելու ու քննարկելի դարձնելու փորձ է։ Նյութի վրա աշխատելիս օգտվել եմ Լյուդմիլա Ալեքսեևայի «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքից, իմ արխիվում տարիների ընթացքում կուտակված տեղեկություններից, նաև՝ իմ հեղինակած «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքից ու համացանցից։
Խորհրդային իշխանությունների դեմ եղած դիմադրությունները ԽՍՀՄ այն հանրապետություններում, որոնց անդրադարձ է արվել, իրարից տարբեր լինելով հանդերձ, ունեն նաև շատ նմանություններ։ Բոլոր հանրապետություններում էլ սովետիզացիայի առաջին շրջանում եղել է զինված դիմադրություն, ապա դրա պարտությունից հետո տեղի են ունեցել նոր խմորումներ ու զարգացումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են այդ հանրապետություններում այլախոհական շարժման ի հայտ գալուն։ Սա արդեն 1950-ականների երկրորդ կեսը և 60-ականների սկիզբն է։ Խորհրդային 15 հանրապետություններից ծանրակշիռ այլախոհական շարժում եղել է Ուկրաինայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում։ Որպես առանձին այլախոհական միավորներ պետք է դիտարկվեն Ղրիմի թաթարների, հրեական և կրոնական շարժումները։ Կրոնական հետապնդումները ներկայացնելիս անդրադարձ է եղել հիմնականում բողոքական ուղղվածությամբ այնպիսի համայնքներին, ինչպիսիք են՝ բապտիստները, հիսունականները, ադվենտիստները։ ԽՍՀՄ-ում հալածանքի էին ենթարկվում անխտիր բոլոր կրոնական ուղղությունները, բայց 1950-ական թվականներից այդ հալածանքները և մեղմացան, և քողարկվեցին ու այլ բնույթ ու ձև ստացան, բայց բողոքական ուղղվածության կրոնական համայնքների նկատմամբ թշնամական վերաբերմունքը շարունակում էր մնալ այնպիսին, ինչպիսին եղել էր 1920-30-ական թվականներին։ Այս համայնքների ներկայացուցիչները 1960-ականներից սկսած սերտորեն համագործակցել են այլախոհական կառույցների հետ և, իրենք իրենց այլախոհ չհամարելով, մաս են կազմել ԽՍՀՄ դեմ ձևավորված ընդհանուր դիմադրական շարժմանը։
Հայաստան
Հայաստանի խորհրդայնացումից հետո հայ բոլշևիկներն իրենց ռուս ղեկավարների օրինակով երկրում սկսում են իսկական տեռոր իրականացնել։ Ձերբակալվում ու սպանվում են բազմաթիվ հայ սպաներ ու ազգային գործիչներ։ Այս ցուցադրական դաժանությունը և համատարած բռնություններն էին նաև պատճառը, որ տեղի ունեցավ 1921թ․ փետրվարի 13-ի ապստամբությունը։ Ապստամբները գրավեցին Երևանը և հայտարարեցին, որ բոլշևիկյան իշխանությունը տապալված է, և իշխանությունը ժամանակավորապես անցնում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքը։ Ռուսական Կարմիր բանակի ուժերով հնարավոր է լինում ճնշել այդ ապստամբությունը ապրիլի 2-ին։
Խորհրդային իշխանություններին նոր ու լուրջ դիմադրության օջախներ են գոյանում կոլեկտիվացման շրջանում։ Այս թեման մեզանում լայն հրապարակման ու քննարկման առարկա չի դարձել և խորը ուսումնասիրության կարիք ունի։ Ինչպես ամենուր ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում մարդիկ դժվարությամբ են բաժանվել իրենց սեփականությունից, հրաժարվել են մտնել կոլեկտիվ տնտեսություններ, իսկ երբ նրանց փորձել են բռնի ուժով ունեզրկել, ապա շատերը դիմել են զենքի։ Օրինակ, Վայոց Ձորի մարզի մի շարք գյուղերից 1936-37թթ․ ընթացքում բռնադատվածների գործերն ուսումնասիրելիս պարզվում է, որ այդ տարածաշրջանից ձերբակալվածներից շատերին մեղադրել են 1930թ․, իրենց լեզվով ասած, «բանդիտական շարժմանը» մասնակցություն ունենալու համար։ Այդ քրեական գործերից պարզ է դառնում, որ մի քանի գյուղերի ունեզրկված գյուղացիներ նախապես համաձայնության գալով՝ զինաթափել են իրենց գյուղերում գտնվող զինված կոմունիստներին ու զենքն ուղղել իշխանությունների դեմ։ Մի քանի օրից ապստամբությունը ճնշվել է տարածաշրջան մտած բանակային ու ոստիկանական ուժերի կողմից։ Այսպիսի դիմադրության օջախներ, ինչպես արդեն ասվեց, եղել են խորհրդային այլ հանրապետություններում, և Հայաստանում չլինել չէր կարող։
1956թ․ խորհրդային երկրի կյանքում նոր փուլ է սկսվում։ Մոտենում են խրուշչովյան ձնհալի, ապա այլախոհական շարժման տարիները։
Այլախոհության առումով ԽՍՀՄ-ում Հայաստանը 1960-1988 թթ. առանձնահատուկ տեղ է գրավել: Այստեղ, ի տարբերություն այլ հանրապետությունների, ոչ թե տարերային կամ դիպվածային, այլ կազմակերպված այլախոհական շարժում էր գործում: 1960-ականների ողջ շարժումն իր վրա կրում է հայ ժողովրդի 20-րդ դարասկզբին ապրած տառապանքների, կորուսյալ հայրենիքի, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ-ի կողմից Հայկական հարցի հնարավոր լուծմանն առնչվող չարդարացված հույսերի կնիքը:
1962-ին սկսել և մինչև 1966-ը գործել է Հայաստանի երիտասարդների միությունը: Սա չի եղել կառույց, որը կհայտարարեր Խորհրդային Միությունում պաշտոնական համարվող կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի իր պատրաստակամության մասին: Սա ավելի շատ, ժամանակի ոգուն համահունչ, ազգային-հայրենասիրական կազմակերպություն էր, որի անդամներն իրենց առջև դրել էին այդ շրջանում հայ ժողովրդին հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին` Եղեռնի օրը նշելը, Եղեռնի զոհերի հուշարձան ունենալը, Հայաստանի կորցրած տարածքների՝ մասնավորապես Ղարաբաղի և Նախիջևանի վերադարձը, հայոց լեզվի մաքրությունը և պահպանումը: Այս կազմակերպության անդամների, դրան հարող կամ չհարող միայնակ կամ այլ կառույցներում գործող մարդկանց գրանցած հաջողություն է պետք համարել 1965թ. հզոր ցույցը։
1965 թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի է ունենում բազմահազարանոց ցույց, որը նոր ուժ ու թափ հաղորդեց հայաստանյան հետագա բոլոր զարգացումներին: Սկսեցին ձևավորվել իրարից անկախ գործող նոր խմբակներ: Համատարած ոգևորություն էր տիրում: Ահա այս ոգևորության ֆոնին հայ այլախոհության շրջանում հասունանում են նոր մտայնություններ. եթե ԽՍՀՄ-ը հրաժարվում է լուծել Հայկական հարցը, ապա հայերը պետք է փորձեն այդ հարցը լուծել առանց ԽՍՀՄ-ի: Ի հայտ են գալիս գործիչներ, որոնք սկսում են կասկածի տակ առնել խորհրդային կարևորագույն դոգմաներից մեկը՝ լենինյան ազգային քաղաքականությունը: Այս դրսևորումները, որ սկսել էին ձևավորվել 1965-66 թթ. և արտահայտվում էին ոչ միայն այլախոհական շրջանակներում ընթացող բանավոր քննարկումներում ու զրույցներում, այլև դառնում էին գաղտնի տպագրված ու տարածվող բազմաքանակ թռուցիկների նյութ։
1966թ․ ասպարեզ է իջնում Ազգային միացյալ կուսակցությունը` անկախության պահանջով ու հակախորհրդային գաղափարներով: Եթե մինչ այդ ազգային-հայրենասիրական պայքար էր ընթանում, և խորհրդային իշխանությունը մասնակիցներին դիտարկում էր որպես ազգայնականների և նրանց գործունեության մեջ իր համար մեծ վտանգ չէր տեսնում, ապա այժմ արդեն ի հայտ են գալիս գաղափարական հակառակորդներ: Սա արդեն նոր երևույթ էր, որը երկու տասնամյակ անց պետք է հանգեցներ Հայաստանի ապախորհրդայնացմանը և անկախացմանը։ 1966 թ. սկսած` Հայաստանը դարձավ ԽՍՀՄ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն իր պաշտոնաթերթի ու իր տարածած թռուցիկների միջոցով հայատարարում էր գործող ռեժիմի դեմ իր գաղափարական պայքարի մասին: ԱՄԿ անդամները շարունակաբար կալանավորվում ու երկարատև ազատազրկման էին դատապարտվում, բայց կուսակցությունը շարունակում էր գործել: Եվ գործեց մինչև 1987 թվականը, երբ արդեն ընդհատակյա պայքարի անհրաժեշտություն չկար: Ազգային միացյալ կուսակցությանը զուգահեռ գործում էին նաև այլ կազմակերպություններ, որոնց անդամները նույնպես դատապարտվել են՝ Հայ հայրենասերների միություն, Հայաստանի վերամիավորման միություն, Հանուն հայրենիքի խումբ։
1977թ․ ապրիլին Մոսկվայում հայտարարվեց Հայաստանի հելսինկյան խմբի ստեղծման մասին, որը նոր երևույթ էր մեր իրականության մեջ։ ԽՍՀՄ-ում հելսինկյան խմբերի անդամների ճակատագրերը միանման էին․ բոլորն էլ դատապարտվեցին։ Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը՝ հիվանդ և հյուծված, առաջին դատապարտման պատժաչափն ավարտելուց և Երևան վերադառնալուց անմիջապես հետո վերսկսում է խմբի ակտիվ գործունեությունը, դատապարտվում է երկրորդ անգամ և մահանում։ Ֆրանսիայի հասարակական գործիչները նրա գերեզմանին, որը գտնվում էր հայրենի Թալիշ գյուղում, տապանաքար տեղադրելու նպատակով հանգանակություն են կազմակերպում։ Տեղադրումից հետո չեկիստները գիշերը ջարդում են տապանաքարը։ Սա վառ օրինակ է, թե ինչքան էին ատում և միաժամանակ սարսափում խորհրդային իշխանություններն իրենց դեմ պայքարող այլախոհներից, անկախականներից ու իրավապաշտպաններից։
Լուսանկարը՝ 1965թ․ցույց Երևանում:
Վարդան Հարությունյան
Ամբողջությամբ՝ hetq.am