Մաշտոցյան ուղղագրությանը վերադառնալու կոչերն ու հիմնավորումները ժամանակ առ ժամանակ վայրէջք են կատարում հանրային լսարանում և ստիպում խորհել։ Այս անգամ ես չեմ բանավիճելու և հակափաստարկներ չեմ բերելու. մարդիկ են` ազատ կարծիք են հայտնում, ով չի ուզում` թող չկարդա։ Այնքան բարյացակամ եմ`նույնիսկ նրանց խորհուրդ չեմ տալու իրենց հոդվածները բարձրաձայն կարդալ` համոզվելու համար, որ ուղղախոսությունը պահպանելով ուղղագրությունը փոխելը լեզվական վիթխարի պատնեշ է և… իսկական զավեշտ։
Չեմ ապացուցելու, որ հայի գիտակցությունը հիմնված է իրականությունը վերացարկելու և հիշողությանը հուսալիորեն պահ տալու բացառիկ շնորհի վրա։ Երբ ցածրդասարանցի հայ աշակերտն ասում է «գետափ»`բառի ԳԵՏ արմատը երբեք չի շփոթում «հնագետի» ԳԵՏԻ հետ։ Իմաստների տարբերությունը նրա համար մեկընդմիշտ ընկալված իրողություն է։ Եթե այդպես չլիներ` հայերենի բոլոր համանունների գրությունները պետք է փոխեինք և արձանագրեինք, որ վերջ` հայերենն այլևս համանուններ չունի։ Բայց ունի, և դրանց իմաստային տարբերակումը կրթական մի մեծ բեռ չէ, բնականոն իմացություն է։
Ես այսօր իմ ԶԱՐՄԱՆՔՆ եմ հայտնելու մաշտոցյան մի քանի կանոններ քամահրելու առիթով և ՊԱՀԱՆՋԵԼՈՒ եմ իրավունքների վերականգնում։ Նախ ասեմ, որ ավելի շատ հակված եմ այն գիտավարկածին, որ հայոց գիրը Մաշտոցից շատ ու շատ տարիներ առաջ է գոյություն ունեցել, և նա միայն ձայնավորների գրանիշերն է ստեղծել։ Բայց հարգենք մեր դասագրքերում ու հանրագիտարաններում աներեր տեղ գրավող այն տեսակետը, թե 36 տառերն էլ Մաշտոցն է ստեղծել։ Այժմ տեսնենք, թե նա է՜լ ինչեր է ստեղծել։
Բարեկամներ, մաշտոցյան այբուբենը ունեցել է միայն մեծատառեր, փոքրատառերը միջնադարի պարգևն են գրասեր և ուսումնատեչ հայերիս։
Բարեկամներ, մաշտոցյան գրերով շարադրանքներում բոլոր բառերն իրար կպած են եղել` ինչպես երկա՜ր տառաշարքեր, և միայն շատ գիտուններն են կարողացել դրանք անմիջապես ընկալել։
Բարեկամներ, Մաշտոցը գաղափար անգամ չի ունեցել կետադրության նշանների մասին, նրա ինչի՞ն էին պետք դրանք, եթե նախադասությունները հենց մեկ բառ էին։
Վերջակետը, ստորակետը, միջակետը, բութը, փակագիծը, չակերտը և մյուս նշանները հորինել են շատ ավելի ուշ շրջանի հայ գիտունները, քանի որ գիրն արդեն միայն արտոնյալներին չէր մատչելի, բոլոր հայերն ուզում էին կարդալ և կարդացածը ճշգրիտ հասկանալ։
Բարեկամներ, Մաշտոցը իր հռչակավոր երազում չի տեսել Ֆ տառը, նա ըստ երևույթին տեղյակ չի եղել, որ մեր բարբառներից մեկում այդ հնչյունը գոյություն ունի։ Հետևելով մեծն ուսուցչապետին` հայ գրագետները երկար ժամանակ օտար լեզուների Ֆ-ի փոխարեն օգտագործել են մաշտոցյան Փ-ն, մինչև մեր այբուբենում այն հայտնվել է։
Եվ ահա ես` ազատ արտահայտվելու իմ իրավունքից օգտվելով` առաջարկելով պահանջում եմ.
-Գործածությունից հանել և անխնա ու իսպառ վերացնել մաշտոցյան այբուբենին խորթ ՓՈՔՐԱՏԱՌԵՐԸ։
– Գործածությունից հանել և անխնա ու իսպառ վերացնել մաշտոցյան այբուբենին խորթ ԿԵՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ։
-Ամբողջ հայոց լեզվից վռնդել ոչմաշտոցյան Ֆ-ն կամ հաշտվել այն մտքի հետ, որ մեր այբուբենն ունի ոչ թե 36, այլ 37 տառ։ Հետո՞ ինչ, թե տիեզերական համակարգերը դրանից կփլուզվեն։
-Համացանցում, ամեն կարգի պաշտոնական ու անպաշտոն գրություններում, վեպերում ու պոեմներում վերականգնել բառերի եղբայրական միասնությունը` դրանք գրել ԻՐԱՐ ԿՊԱԾ։
ՀԳ. Հիմա թող մեկը համարձակվի ասել, թե ես բոլշևիկյան ուղղագրության պաշտպան եմ։ Շնորհակալ եղեք, որ նախադասություններս գրեցի ոչ թե Մաշտոցի, այլ նրանից հետո ստեղծված կանոններով։ Վերջիվերջո իրար պե՞տք է հասկանանք։