Եթե ինչ-որ մեկը չի նկատել, ասեմ, որ Հայաստանը վերապրում է իր ամենածանր տեղեկատվական ճգնաժամերից մեկը։ Ապատեղեկատվության, քարոզչության, մանիպուլյատիվ տեղեկատվության քանակը և որակը աննախադեպ են։ Եվ կա ակնհայտ բացասական միտում։ Այսպիսի իրավիճակ չկար ռազմական գործողությունների ժամանակ։
Նման իրավիճակ էր 2012-2014 թվականների նախընտրական փուլերում, սակայն այն ընթացքում սոցցանցերի ազդեցությունը այսքան ուժեղ չէր, և ներկա զարգացումներին դժվար թե համեմատվեն։ Ավելին, իշխանության վերնախավը գրեթե ներկայացված չէր համացանցում, ինչը շատ ավելի զսպված էր դարձնում տեղեկատվական հոսքերը։
Ներկա իրավիճակը շատ ավելի «աղմկոտ» է, բանը հասել է նրան, որ երկրի բարձագույն ղեկավարությունը ներգրավված է թրոլլային պատերազմների մեջ սոցցանցերում։
Այս ամենը այսօր ունի մի քանի պատճառ։ Ամենահասկանալին այն է, որ մի շարք հին քաղաքական ուժեր ունեն խնդիր տեղեկատվական դաշտում դիմադրելու ներկա իշխանություններին։ Նաև, արդեն ակնհայտ է, որ ներկա իշխանական կոալիցիան նույնպես իր մեջ արդեն ունի ներքին պառակտում, որը ուժեղանալու է դեպի ընտրություններ և ստանալու է իր արտահայտությունը նաև տեղեկատվական դաշտում՝ հաշվի առնելով, որ բոլոր կողմերը ուժեղ մեդիաազդեցություն ունեն։ Խաղի մեջ են մտել նաև մի շարք խոշոր բիզնեսներ, որոնք ունեն տարբեր խնդիրներ լուծելու այս խառը պահերին։
Բայց սա միակ պատճառը չէ։ Պետք է հաշվի առնենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ կար ձևավորված տեղեկատվական դաշտ, կային բաշխված դերեր, կային ստանձնած դերեր։ Նոր իրավիճակը փաստացի ամբողջությամբ քանդել է նախկին սիստեմը, սկսվել է տեղեկատվական քաոս, ուր իրար հավասարազոր են դարձել․
ա․ Արհեստավարժ լրատվականները
բ․ Դեղին մամուլը
գ․ Անհայտ ծագման անոնիմ և կասկածելի կայքերը
դ․ Գերբազմազան ֆեյսբուքյան էջերը, որոնց ադմինների մեծ մասը անհայտ է
ե․ Զանազան ֆեյսբուքյան օգտատերեր, որոնց մեջ կան ֆեյքերից մինչև փոխ֊վարչապետներ
Բնականաբար, երբ չորը թացի հետ կազմում են միատարր ագրեգատային վիճակ, առաջանում է տեղեկատվական քաոս։
Չմոռանանք արտաքին ակտորներին։ Ադրբեջանական քարոզչությունը պարբերաբար ներթափանցում է հայաստանանյան դաշտ: Վերջին օրերին նաև մի շարք ռուսաստանյան լրատվականներ սկսել են մանիպուլյատիվ գործողությունները։
Սրան զուգահեռ բուն կառավարության հատվածում կան խնդիրներ, որոնք ավելացնում են քաոսը․
ա․ Ամենաբարձր մակարդակով կառավարության անդամները ներգրավվում են թրոլլային պատերազմների մեջ
բ․ Հստակեցված չէ ղեկավար ֊ մամլո խոսնակ հարաբերությունները, ինչպես նաև հստակ չեն մամլո խոսնակների գործառույթները համացանցի տիրույթում
գ․ Ավանդական մամուլի հարցումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, փաստացի խաթարվում է տեղեկատվության ազատության օրենքը
Այս բոլոր գործոնները միասին ստեղծում են մի միջավայր, որը դառնում է պարարտ հող ինչպես ինքնագրգռվող տեղեկատվական քաոսի, այնպես էլ ուղղորդվող տեղեկատվական հակամարտության, քարոզչական պատերազմների համար։ Իրավիճակը պահանջում է, որպեսզի կառավարությունը ձևավորի հստակ տեղեկատվական քաղաքականություն։ Եվ արդեն դրա հիման վրա անցկացնի ուսուցում ինչպես կառավարության կազմի, այնպես էլ՝ խոսնակների համար։ Հակառակ դեպքում ճգնաժամը ինքնաբերաբար խորանալու է։
Սամվել Մարտիրոսյան