SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին Երևանում տեղի ունեցեծ խոշոր ավտովթարի պատճառը եղել է BMW-ի մակնիշի 34 MR 764 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանի ինքնազգացողության վատացումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում մինչև մի քանի ավտոմեքենաների շրջանցելը, այնուհետև բետոնե բաժանարար գոտու բետոնե հատվածին բախվելուց և հաստաբուն ծառին հարվածելուց առաջ, Մ. Հովհաննիսյանը ինֆարկտ է ստացել, որից հետո ծառին բախվելու հետևանքով ստացել է կոնքի կողոսկրի կոտրվածք։
Հուլիսի 23-ին Մ. Հովհաննիսյանը թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է կարդիոլոգիայի բաժանմունք, որտեղ էլ այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հովհաննիսյանը ճանապարհային ոստիկանության խախտումների բաժնում երբևէ չի ունեցել իր վրա գրած ակտեր, ինչը ենթադրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում երբևէ թույլ չի տվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։45-ի սահմաններում BMW մակնիշի 34 MR 764 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Պարմա» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել էր ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ հարվածել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր 1 ժամից ավելի օգտագործելով հատուկ տեխնիկա՝ նոր միայն կարողացել էին վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։
Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հենց ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վարորդին, որից հետո տեղափոխել էին հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Խաչատրյանն ու Տիգրան Մարգարյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլկավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում էր վարորդի ինքնությունը, ում մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը, օգնության ձեռք էին մեկնել քաղաքացիներն ու «Պալաս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: